Երգիչ Արսեն Սաֆարյանը շուտով կներկայացնի իր նոր՝ «Էս ինչ սիրուն ես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, բայց մինչ այդ երգիչը Life.panorama.am-ին է պատմել երգի և տեսահոլովակի ստեղծման պատմությունը:
«Գուցե նոր տեսահոլովակս ինչ-որ իմաստով վերադարձ համարվի, բայց պետք է ասեմ, որ ես երբեք էլ չեմ դադարել աշխատել, ստեղծագործել, պարզապես դրանք միշտ չէ, որ էկրաններին են հայտնվել: Վերջին շրջանում աշխատանքս ավելի ակումբային էր, այդ ֆորմատում շատ էին նաև համերգներս, և այս տեսանկյունից գուցե իսկապես նոր տեսահոլովակով էկրանային դադարին վերջ կտրվի: Պետք է խոստովանեմ, որ հիմա ես ավելի շատ եմ երգում, քան, օրինակ, տասը տարի առաջ»,- նշեց Արսենն ու շարունակեց.
«Այս պահին արդեն իսկ բազմաթիվ երգեր ունեմ, որոնց հեղինակները թե ես եմ, թե ընկերներս՝ Ռիչարդ Մադլենյանը, Րաֆֆի Ալթունյանը և այլք: Այնպես որ, նախատեսում եմ առաջիկայում ավելի հաճախ նոր աշխատանքներ ներկայացնել»:
Խոսելով «Էս ինչ սիրուն ես» երգի մասին՝ Արսեն Սաֆարյանը պատմեց.
«Երգս սիրո և սիրահարվեու մասին է: Այն շատ բարի և տրամադրություն բարձրացնող աշխատանք է: Ի դեպ՝ սկզբում այն այլ ռիթմերով էի գրել, սակայն գործիքավորող Սերգեյ Հովհաննիսյանը դրան հետաքրքիր ոճ տվեց՝ այն դարձնելով ավելի վառ ու դրական: Ասեմ նաև, որ Ավետ Բարսեղյանը երգի խոսքերը գրել է ընդամենը կես ժամում: Հետո ինձ իր օգնությունը առաջարկեց Էրիկ Կարապետյանը՝ ձայնակցելով խոռային հատվածներում: Մի խոսքով, ամեն ինչ կատարվեց արագ, սահուն ու ամենակարևորը՝ ցանկալի արդյունքով:»:
Տեսահոլովակը նկարահանելիս էլ Արսենը երկար չի մտածել ռեժիսորի ընտրության հարցում:
«Խաչիկ Եղոյանի հետ մտերիմ ընկերներ ենք, նրան բացատրեցի, որ ծանր սյուժե չեմ ուզում, քանի որ երգն իրենով արդեն շատ լավն է՝ լի դրական էմոցիաներով: Արդյունքում որոշեցինք տեսահոլովակում սյուժետային գիծը կառուցել այնպես, որ տպավորություն լինի, թե տեսահոլովակում հենց տեսահոլովակ ենք նկարահանում: Ամբողջը տաղավարային նկարահանումներ են, որոնք իրականացրել ենք «Հայֆիլմ»-ի տաղավարներից մեկում: Տեսահոլովակով ոչ մեկին չենք զարմացնելու, պարզապես դրա միջոցով երգը դարձնելու ենք ավելի հասանելի»,- նկատեց երգիչը:
Մեր զրուցակիցի խոսքով՝ շատ բարդ է եղել հերոսուհու ընտրությունը:
«Երգի վերնագիրը՝ «Էս ինչ սիրուն ես», մեզ ուղղակի պարտադրում էր գտնել իսկապես գեղեցկուհու, քանի որ գեղեցիկն ինքնին հարաբերական երևույթ է: Միաժամանկ, պետք էր պրոֆեսիոնալ դերասանուհի-գեղեցկուհի, ով կկարողանար իրականացնել մեր սպասելիքները. Հենց էնպես գեղեցկուհու նկարահանելու իրավունք չունեինք: Արդյունքում մենք որոշեցինք, որ Լուիզա Ղամբարյանը այն դերասանուհիներից է, ում գեղեցկությունը պարզապես քննարկման ենթակա չէ: Վերջինս սիրով համաձայնեց աշխատել մեզ հետ ու անցանք գործի»,- պատմեց Ա. Սաֆարյանը:
Տեսահոլովակում Արսեն Սաֆարյանի արտաքին տեսքը կհուշի, որ չնայած որոշակի դադարին, երգիչն իր ոճում է.
«Ես չեմ կարող ինձնից հեռվանալ կամ շեղվել: Ես դիտավորյալ չեմ անում, պարզապես սիրում եմ լինել այնպիսին, ինչպիսին եղել եմ և կամ: Իհարկե, նորություններից ևս չեմ հրաժարվում, եթե դրանք ինչ-որ առումով կարող են դառնալ իմը: Ամեն դեպքում, դժվար մազերս ներկած դուրս գայի ու ասեի, թե նոր տեսահոլովակ եմ նկարահանում, կարծում եմ՝ մի քիչ ինձ ճիշտ չէին հասկանա»,- ավարտեց երգիչը:
Աղբյուրը՝ 168.am