Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստանում է, որ բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու: Այսօր՝ մայիսի 19-ին, Lրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ԱԱԾ տնօրենն ընդգծել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են: «Կարագի անվան տակ բանակին սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու։ Անկասկած, բոլոր մեղավորները պատժվելու են», - հայտարարել է Վանեցյանը:
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ «Մարգարին» և 14.250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ, որոնք նույնականացման են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի չորս մասնագետների կողմից տրվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը:
- Աղբյուրը՝ newspress.am