Ապրիլին հայաստանյան բանկերից գումարներ են արտահոսել: ԿԲ նախագահը գիտի` ով որտեղ է պահել փողերը քաղաքական բարդ իրավիճակում:
Ապրիլ-մայիս ամիսներին հայաստանյան բանկերից որոշակի արտահոսք եղել է։ Այս մասին այսօր ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական հանձնաժողովի նիստում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա հայտնեց, որ ԿԲ-ն ամենօրյա մոնիթորինգ է իրականացնում, և վստահեցրեց, ապրիլյան օրերին մեծ գումարներ դուրս եկել են, բայց մայիսի 10-ից հետո վերականգնվել են:
«Գումարները հանել են, տարել, պահել դեպոզիտներում, մի մասն էլ դոշակի տակ: Հետո դարձյալ հետ են բերել»,- կեսլուրջ-կեսկատակ ասաց Ջավադյանը:
Նա նաև վստահեցրեց, որ իրենց գումարները բանկերից անել են հիմնականում փոքր ավանդատուները: Մեծերը, նրա խոսքով, ավելի պաշտպանված են, քանի որ այլ հարաբերություններ ունեն բանկերի հետ:
Ջավադյանը նաև հայտնեց, որ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտներն այս տարի նախորդ տարվա համեմատ աճել են 14.6% -ով:
«Ակնհայտ է, որ եթե ՌԴ նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները չլինեին, աճն ավելի շատ կլիներ»,- ասաց նա:
Ի դեպ, Ջավադյանը կանխատեսեց նաև, որ ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ կիրառած նոր պատժամիջոցներն էլ որոշ չափով բացասաբար կազդեն հայաստանյան տնտեսության վրա:
«Բայց մեր գործարարներն արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները»,- ասաց Ջավադյանը։
ԿԲ նախագահը նշեց, որ դրա շնորհիվ Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա շատ մեծ չի լինի:
Աղբյուրը՝ 168.am