Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մոտ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մոտեցումների փոփոխություն չի եղել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ իրենք կուտակային համակարգի դեմ շարժման ժամանակ հայտարարել են, որ այդ մոդելը շատ լավն է, աշխարհում կիրառություն ունի, սակայն Հայաստանում ներդրվող տարբերակն աբսուրդ է: «Մենք Հայաստանում ներդրվող մոդելի դեմ էինք պայքարում»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ իրենք պահանջում էին, որ կուտակայինը լինի կամավոր, և տիկին Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը դրա մասին է: Հարցին` կուտակայինը կկասեցվի՞ հուլիսի մեկից, թե ոչ, նա պատասխանեց. «Տիկին Թանդիլյանն այդ մասին հայտարարություն արել է: Նրա արած ոչ մի հայտարարություն մինչ այդ արված հայտարարություններին և գործունեությանը չի հակասում»:

Գորգիսյանը հավելեց, որ ժամանակին իրենք աշխատել են դրա կասեցման համար, բայց հիմա այլ իրավիճակ է, և որ նախարարի հետ կքննարկեն, դեռևս պրոցես չի սկսել: Ի պատասխան հարցին, թե ամեն ինչ արվելո՞ւ է, որ  պարտադիր բաղադրիչը չլինի, նա ասաց. «Այո, բայց պետք է այնպես անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ: Հիմա իրավիճակ է փոխվել. Հայաստանի քաղաքացիները վստահում են կառավարությանը և նաև վստահում են, որ կառավարությունը կվերահսկի, որպեսզի գումարները չկորեն»,- ասաց նա:

Իսկ ինքը համաձա՞յն է, արդյոք, որ մեծ հիասթափություն կլինի, եթե հուլիսի մեկից այդ պարտադիր բաղադրիչը դուրս չգա: Գևորգ Գորգիսյանն այս հարցին պատասխանեց. «Ես վստահ եմ, որ տիկին Թանդիլյանի որոշումը լինելու է հիմնավորված: Մենք որևէ քննարկում այդ թեմայով չենք հասցրել ունենալ: Ոլորտը, որը վստահվել է տիկին Թանդիլյանին, լի է խնդիրներով: Նախարարի հայտարարությունից կարելի է եզրահանգում անել, որ սկզբունքները պահպանվելու են»:


Աղբյուրը՝ 168.am

loading...