Սպորտային սնունդի MuscleFood միության ամերիկացի փորձագետները սառնարանում մթերքները ճիշտ պահելու հրահանգներ են ներկայացրել: Գլխավորը, որին պետք է հետևել այն է, որ իրար չհպվեն հում և պատրաստված կերակուրները, նշել են մասնագետները:
Ամենատարածված սխալներից մեկը սառնարանում այնպիսի մթերքներ պահելու մարդկանց սովորությունն է, որոնք արդեն սկսում են փչանալ, հայտարարել է փորձագետներից Դարեն Բիլը:
«Կարևոր է հասկանալ, որ ուտելիքը փչացած է և առանց զղջալու սառնարանը դրանից ազատել: Օրինակ՝ փտող մրգից արտադրվող էթիլենը կարող է շատ արագ թունավորել մնացած բուսական սնունդը»,- ասել է բժիշկ Բիլը:
Սնունդի թարմությունը և ընտանիքի անդամների առողջությունը պահպանելու համար նաև չի կարելի «խաչաձև աղտոտում» թույլ տալ, որն առաջանում է հում և պատրատված մթերքների հարևանությունից, ընդգծել են բժիշկները: Դրանք պետք է փակված լինեն և տարբեր դարակներում դրվեն:
Վերևի դարակներին են պահվում յոգուրտները, կաթը, քանի որ այստեղ հում մթերքի աղտոտիչները դժվարությամբ են հասնում: Հենց այնտեղ կամ մի փոքր ցած պահվում են այնպիսի պատրաստի ուտելիքները, ինչպիսին են կոտլետները, կարկանդակները, խավարտները, հայտնում է Red Online-ը:
Մասնագետները խորհուրդ են տալիս պանիրը պահել սառանարանի միջնամասում կամ նույնիսկ բանջարեղենի արկղում և ավելի լավ է ոչ թե թաղանթով, այլ թղթով փաթաթած: Հում միսը նույնպես անհրաժեշտ է պահել սառնարանի ներքևի դարակներից մեկում, ըստ որում՝ լավ փաթեթավորած:
Դրանից բացի, բժիշկները կարծում են, որ ձուն ավելի ճիշտ է պահել հենց դարակում, այլ ոչ դռան վրա: Սառնարանի դուռը ավելի լավ է օգտագործել կանաչին, հյութերը, ջուրը, սոուսները, գինին պահելու համար: