Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը. հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում: Այդ նախագծի իրագործման դեպքում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ևս մեկ ճանապարհ կունենա` չմնալով միայն Վերին Լարսի հույսին, որը պարբերաբար կաթվածահար է լինում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:


Մայիսի 24-ին «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի մասին» ռուս-վրացական համաձայնագրի իրագործման հարցը Աբաշիձեն Պրահայում քննարկելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:

Մինչև հիմա Թբիլիսին ու Մոսկվան չէին կարողանում համաձայնության գալ առևտրաշրջանառության գործընթացում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության շուրջ: Թե ինչպիսի հանգուցալուծում է ունեցել վիճահարույց հարցը, չի մանրամասնվում և, անկեղծ ասած` ուղղակիորեն չի առնչվում Հայաստանի հետաքրքրություններին:

Ուշագրավ է, որ Հայաստանը Ռուսաստանին կապող երկրորդ ցամաքային ճանապարհի` սեղմ ժամկետներում բացման մասին տեղեկատվությունը հրապարակվեց մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Թավշյա հեղափոխությունը էապես բարձրացրել է Հայաստանի հեղինակությունն ու կշիռը տարածաշրջանում և գլոբալ քաղաքականության մակարդակում: Պատահական չէ, որ իրենց երկկողմ հարաբերությունների ձևաչափում Վրաստանն ու Ռուսաստանը փորձում են քաղաքական ժեստեր անել Հայաստանի ուղղությամբ: Սա ազդակ է, որ ռուս-հայկական և ռուս-վրացական հարաբերությունները կանգնած են խորքային վերաիմաստավորման շեմին:

Խոսքը հատկապես վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, որոնք վերջին քսանամյակում դեգրադացվել են` ըստ էության կորցնելով պետական, քաղաքական բաղադրիչը: Հայ-վրացական հարաբերությունները` թեև բարեկամական են, սակայն խիստ աղքատիկ է եղել դրանց քաղաքական օրակարգը: Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գիտակցում է հայ-վրացական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը, դրանց քաղաքական, քաղաքակրթական բաղադրիչը: Վրաստանը ոչ միայն Հայաստանին հարևան ու բարեկամ երկիր է, այլ ճանապարհ, որը Հայաստանին կապում է նրա խոշորագույն արտահանման շուկաներից մեկը համարվող Ռուսաստանի հետ և հարթակ, որտեղ զարգանում են Հայաստանի արդյունավետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Հայաստանից Ռուսաստան տանող երկրորդ ցամաքային ճանապարհի առկայությունը Հայաստանին թույլ կտա առավելագույնս օգտագործել հայ-ռուսական հարաբերությունների, ԵՏՄ-ի ներուժը, ինչը, բնականաբար, խթան կդառնա Հայաստանի տնտեսության զարգացման համար:


Աղբյուրը՝ 1in.am

loading...