ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն այդպիսի գործընթացի մեջ իրեն չի դնի:
«Ես նման գործընթացի մեջ ինձ չեմ դնի, որովհետև եթե մեկ անգամ դատարանին որևէ հրահանգ տանք, ապա դա նշանակում է, որ դատարանն այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի: Մենք կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում: Դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք: Նախ` դատարաններին իշխանական կաբինետներից և որևէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, երկրորդ՝ ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի: Յուրաքանչյուր դատավոր, ով հավակնել է այդ պաշտոնին, պարտավոր է իր իրավասությունների շրջանակում կայացնել որոշումներ: Ահա այս քաղաքական պայմանն ապահովված է և դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով վերջին օրերին առկա անհնազանդության ակցիաներից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե դրանք իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն պետք է դադարեցվեն:
«Այդ հարցերը բարձրացնող քաղաքացիները պետք է աշխատեն կառավարության հետ, որովհետև սա իրենց կառավարությունն է: Իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ապա ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Սիրո հանդուրժողականության մթնոլորտը թող որևէ մեկը չփորձի մեկնաբանել թուլության մթնոլորտ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուրը՝ 168.am