B4B.am-ի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է Yerevan City սուպերմարկետների ցանցը «Ալեքս Հոլդինգի» կազմից դուրս բերելու և առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը։
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն հանրապետության 4-րդ խոշորագույն հարկատուն է, որն իր մեջ ներառում է թե՛ սուպերմարկետների ցանցի, թե՛ շաքարի ներմուծման և արտադրության, թե՛ այլ բիզնեսների գործունեությունը։
Սուպերմարկետների առանձնացումը այս ընդհանուր հսկա ընկերությունից թույլ կտա ավելի մեծ հաշվետվողականություն ապահովել և թույլ տալ համեմատականների անցկացնել նույն ոլորտում գործող այլ ցանցերի հետ։
Մյուս կողմից, այս քայլով լուծվում է մեկ այլ կարևոր խնդիր։ Տևական ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել այն խնդիրը, որ շաքարի շուկայում փաստացի մենաշնորհային դիրքեր զբաղեցնող «Ալեքս հոլդինգը» շաքարը վաճառում է նույն գնով՝ թե՛ վերջնական սպառողներին (սուպերմարկետների միջոցով), թե՛ վերավաճառող ընկերություններին (փոքր խանութներ ու կրպակներ), որոնք պետք է որոշակի վերադիրով վաճառեն այդ ապրանքը։ Բնականաբար, այս գործելաոճը շաքարի մանրածախ շուկայում «Ալեքս հոլդինգին» գնային առավելություն է տալիս և մրցակցությունից դուրս թողնում մյուս մանր խաղացողներին։
Դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մենաշնորհների դեմ պայքարի շրջանակներում՝ որպես այս խնդրի լուծման տարբերակ, քննարկում էր նույն ընկերության կողմից նույն ապրանքի մեծածախ և մանրածախ վաճառքը արգելելու հնարավորությունը։ Չի բացառվում, որ այս տարբերակը կրկին դրվի շրջանառության մեջ, և «Ալեքս հոլդինգը» մանրածախ շուկայում շաքար վաճառելու հնարավորությունից զրկվի։ Դրա համար սուպերմարկետների համար առանձին ընկերություն ստեղծելը մի կողմից կլուծի այս խնդիրը՝ խոշոր տնտեսվարողի համար, մյուս կողմից՝ որոշակիորեն կբարելավի մրցակցային միջավայրը։
Աղբյուրը՝ 168.am