Պետեկամուտների կոմիտեն սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ կտրոնի պարտադիր վավերապայմանները` հավաստիությունը պարզելու համար։

Կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են Հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից: Այս մասին ասված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարությունում:

«Պետական եկամուտների կոմիտեն, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը, իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են Հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից»,- նշում է ՊԵԿ-ը:

Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձևավորմանը և հարկերի հաշվարկմանը:

ՀԴՄ կտրոնի հավաստիությունը պարզելու համար ՊԵԿ-ը հորդորում է առաջնահերթ ստուգել հետևյալ պարտադիր վավերապայմանները. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ բաղկացած 8 նիշից և անվանումը, կտրոնի հերթական համարը (ԿՀ), որը պետք է բաղկացած լինի 8 նիշից, ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ կամ ՄԳՀ) և ֆիսկալ համարը (Ֆ):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ հարկային, մաքսային համակարգերի բարեփոխումները բավարար չեն, ու անհրաժեշտ է դրանք նոր թափով շարունակել: Վարչապետի կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք է լուծել: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը: Այս երկու սահմանների միջև ընկած տարածքում է, պարո՛ն Անանյան, որ ես ակնկալում եմ արդյունավետ գործունեություն: Կարծում եմ, որ հենց պետական եկամուտների կոմիտեի, մաքսային և հարկային մարմինների գործունեությունից է մեծապես կախված՝ արդյոք վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում կուտակված դրական էներգիան մենք կկարողանանք տրանսֆորմացնել կոնկրետ տնտեսական արդյունքների, թե ոչ», — ասել է Փաշինյանը:

loading...