Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը ընթացքի մեջ է և այդ գործի շրջանակներում ակտիվորեն փորձ է արվում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններ, այսօր խորհրդարանում գլխավոր դատախազության 2017-ի գործունեության ծրագրի ներկայացման քննարկման ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Վստահեցնում եմ, որ այդ գործի մեջ կա բավականին կարևոր ապացուցման առարկայի մի հատված, որը մեծապես պայմանավորված է նոր տեխնիկական ձեռքբերումներով: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կատարվում են»,- հայտարարեց գլխավոր դատախազը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը, որի անհրաժեշտության մասին խոսվել էր տարբեր շրջանակներում, Դավթյանը ասաց. «Հարցաքննության համար պետք է լինեն հիմքեր: Վարույթն իրականացնող մարմինը տակտիկական նկատառումներից ելնելով, ինքն է որոշում` որ ձեռքբերված նյութերի պայմաններում ում հարցաքննի: Եթե դա պետք է արվի զուտ ցույց տալու համար, դա վարույթին ոչինչ չի տա»:

 

Այդուհանդերձ, գլխավոր դատախազը չբացառեց, որ առաջիկայում Մարտի 1-ի գործով հանրությանը նորություններ կհաղորդվեն. «Ես չեմ թաքցնում, որ, հնարավոր է, առաջիկայում մենք ունենանք արդյունքներ և պայմանավորված նաև այն հանգամանքով, որ մենք կունենանք քննության հետ համագործակցող անձինք»:


Աղբյուրը՝ 168.am

loading...