Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց հավաքված որոշ քաղաքացիներ հայտարարել էին, որ Հանրապետության հրապարակից պատրաստվում են շարժվել Էջմիածին քաղաք՝ պահանջելու Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը: Սրան զուգահեռ մի քանի լրատվամիջոցներում Վեհափառի հասցեին վիրավորական արտահայտություններ և քննադատություններ պարունակող հրապարակումներ եղան։
Այս կապակցությամբ զրուցել ենք մի քանի բարձրաստիճան հոգևորականների հետ։ Մայր Աթոռի Դիվանապետ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանն ասաց․ «Քաղաքական ներկա զարգացումների տրամաբանությունը ներեկեղեցական կյանքում օգտագործելու փորձը անընդունելի և անթույլատրելի է թե՜ հենց քաղաքական և թե՜ հոգևոր ու բարոյական տեսանկյուններից։ Ակնհայտ է նաև, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և եկեղեցու դեմ ընթացող արշավները տեղեկատվական պատվիրված սադրանքներ են, որոնց հեղինակները, չնայած բոլոր ջանքերի, չեն կարողանում քողարկված պահել թե՜ իրենց, թե՜ իրենց անձնական նեղ հաշիվները»։
Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան ասաց․ «Կարծում եմ՝ իբրև հոգևորական իմ դիրքորոշումը պետք է պարզ լինի, Վեհափառ Հայրապետի դեմ կազմակերպված հավաքների մասնակիցներին հորդորում եմ դադարեցնել նման բաներով զբաղվել»։
Աղբյուրը՝ 168.am