«Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների վերափոխման հրաշքին». նամակ՝ Նիկոլ Փաշինյանին


Դիտումներ ` 528

«Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների վերափոխման հրաշքին». նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ Սասնա ծռերի բանտում մնալը հեղափոխության համար հղի է ծանր հետեւանքներով։

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով:

Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը: Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը: Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:

Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին: Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:

Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում:

Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը:

Հարգանքով՝

Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից) 22.05.2018 թ. «Արմավիր» ՔԿՀ

 
loading...
Փակել