Հանրային հեռուստաընկերությունը մեծ փողերի «լվացքատուն» է դարձել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և իր թիմակիցների համար։ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն այնտեղ ստուգումներ է կատարել, որոնց արդյունքում խոշոր բացահայտումներ են եղել, բայց դրանք հիմնականում «հետևանքներ» չեն ունեցել, քանի որ, ինչպես պարզվում է, Ռուբեն Ջաղինյանը, որը հանրության մեջ հայտնի է նաև Ջազ մականունուվ, բոլորի ընկերն է և շատ արագ հարցերը լուծում է։
Իսկ Ջաղինյանն իր թիմով կարողացել է ստեղծել «լվացքատունն» անխափան աշխատեցնելու համակարգը։
Ինչպես արդեն գրել ենք, մոտ 2 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում։ Խոսքը պետբյուջեից ստացված գումարների մասին է, այսինքն` հարկատուներիս գումարների։ Բայց այստեղ կա մեկ այլ նրբություն. տեսչությունը չի ստուգել ոչ պետական բյուջեից ստացված գումարների ծախսերը։ Դրանք նույնպես մեծ չափերի են, դրանք գովազդային չեն համարվում (Հանրային հեռուստաընկերությունը չի կարող գովազդ տեղադրել իր եթերում), բայց աջակցություն, հովանավորություն, համատեղ արտադրանք և զանազան տերմիններ են մտածված այդ գումարները ստանալու և «ծախսելու» համար։
Հանրային հեռուստաընկերությունում արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձևակերպման)։ «Հետք»-ի հարցման պատասխանում ֆինանսների նախարարությունը գրել է.
«Նշված գումարից վերականգնման ենթակա 183,6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132,6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձևակերպման ենթակա գումար, իսկ 1,692,8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձևակերպման, և այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»,- նշված է հարցման պատասխանում:
Հիմա ներկայացնենք մեկ փաստ, թե ինչպես է վերականգնվել այդ 183,6 մլն դրամը։ Շատ պարզ ճանապարհով` Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը պահուստային ֆոնդից հենց մոտավորապես նույնքան գումար է հատկացրել Հանրային հեռուստաընկերությանը։
Մեջբերենք մի հատված որոշումից․
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված տեխնիկական վերազինման գործընթացի արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը 2017 թվականին հատկացնել 174,728.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
Ու ստացվել է` պետությունը նորից է գումար հատկացրել Ջաղինյանի ղեկավարած կառույցին։ Իսկ Ջաղինյանն այդ ընթացքում հասցնում է, օրինակ՝ երկու բնակարան գնել Հյուսիսային պողոտայում և իրար միացնել դրանց տարածքները։ Սա ընդամենը մեկ դրվագ է։
Թե ինչ խախտումներ են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում, ֆինանսների նախարարությունը չի մանրամասնել։ Որովհետև եթե մանրամասներ ներկայացվեին, ապա ազատազրկման վայրերում գտնվողներից շատերը պետք է ազատ արձակվեին և փոխարինվեին Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի անդամներով։ Մեզ հաջողվել է պարզել, որ, օրինակ՝ տարիներ շարունակ գումարներ են դուրս գրվել չպատրաստված հաղորդումների համար, իսկ եթերում ցուցադրվել են նախորդ տարիներին պատրաստված նույնանուն հաղորդումները, ձեռք բերված տեխնիկական միջոցները չեն գտնվում Հանրային հեռուստաընկերությունում կամ պարզապես դրանք չկան, չավարտվող շինարարական աշխատանքների վրա կատարված ծախսերն արժանահավատ չեն։
Աղբյուրը՝ 168.am