Վերջին շրջանում քաղաքական նոր մշակույթի բաղկացուցիչ մաս են դարձել նաև կառավարության անդամների կողմից իրականացվող Facebook-յան ուղիղ եթերները: Ավանդույթի մեկնարկը տվեց ու նախարարների շրջանում այն խրախուսեց նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պաշտոնյաների հասանելիությունն ընդգծող նոր մշակույթն անտարբեր չթողեց նաև արվեստագետներին: Դերասան Սերգեյ Դանիելյանն, ով երկրում տեղի ունեցող իրադարձություններին մշտապես անդրադառնում է սեփական պրիզմայից, այս երևույթից ևս ձեռնպահ չմնաց. Facebook-յան նրա էջում հայտնվեցին վարչապետի ուղիղ եթերների կրկնօրինակումները, որոնք սուր քննադատությունների արժանացան օգտատերերից շատերի կողմից: Քննադատությունները երբեմն հատում են անձնական վիրավորանքի սահմանը՝ մեկնաբանությունների տեսքով:
«Ես այդ քննադատություններին ըմբռնումով եմ վերաբերվում, չեմ բարկանում, սպասում էի, որ կլինի նաև այնպիսի մասսա, որը հումոր չի ունենա: Հարց չկա, ամեն ինչ նորմալ է»,- Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց դերասանը:
Նկատեց՝ այդ կրկնօրինակումները ոչ թե սարկազմ էին արտահայտում, այլ իր դերասանական գործունեության մի մասն էին, որոնք որոշակի մեսսիջ էին: Որպես ՀՀ քաղաքացի՝ Սերգեյ Դանիելյանը դրական է վերաբերում այն հանգամանքին, որ երկրի առաջին դեմքը նաև այդկերպ է շփվում հանրության հետ:
«Այսպես նա ջարդում է պաշտոնյայի՝ մեր ունեցած կարծրատիպերը: Ու ինչքան ջարդի, ոտի տակ տա, էնքան լավ. Պաշտոնյան Աստված չի, կարող է ուղիղ մտնել ու պատմել իր օրվա անցուդարձը, կապ պաշտպանել ժողովրդի հետ, խոսել, կիսվել և այլն», – նշեց նա:
Հարցին, թե արդյոք վերջին մի քանի օրերին իր կողմից Նիկոլ Փաշինյանի Facebook-յան ուղիղ եթերներին չանդրադառնալը պայմանավորված է այդ քննադատություններով, ու արդյոք այս թեմայով երբևէ խոսել է կառավարության ղեկավարի հետ, պատասխանեց.
«Իմ կյանքի իմաստն ամբողջ օրն այդ նմանակումներն անելը չի: Եվ հետո, վարչապետը մի 5 անգամ խոսել է, երեք անգամ էլ ես եմ նմանակել, էլ ի՞նչ պիտի անեմ: Ես իմ կյանքի սովորական ռիթմով, ընթացքով ապրում եմ: Հենց հավես ունենամ, նորից կանեմ: Ինչ վերաբերում է այս թեմայով վարչապետի հետ խոսելուն, կարծում եմ՝ վարչապետն ավելի լուրջ գործեր ունի, քան՝ ինձ հետ նստի ու իր ուղիղ եթերների կամ իմ կողմից դրանց արված անդրադարձների մասին խոսի»:
Դերասանն, «Իմ քայլը» շարժման առաջին իսկ օրից լինելով նախաձեռնության կողքին, շարունակում է սպասել խոստացված փոփոխություններին: Ընդգծում է՝ ինքն այն մասսային չի պատկանում, ովքեր մտածում են, թե ընդամենը երկու շաբաթ հետո իրենց սպասումները պետք է արդարանան:
«Ես մի քիչ ավելի գիտակից եմ մոտենում այդ պրոցեսին: Կարևորը, որ նոր կառավարությանը քննադատելու առիթ դեռևս չունեմ: Ո՞նց կարելի է 13 օրում փոփոխություններ նկատել: Կապրենք՝ կտեսնենք»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարի փոփոխությանը, այդ հարցը դերասանին բոլորովին չի հետաքրքրում, թեև դեմ չի, որ լավ փոփոխություններ լինեն:
«Ես Մշակույթի նախարարության հետ երբեք կապված չեմ եղել ու չեմ, էնտեղ ուզում է Կարաբաս Բարաբասը լինի, ինձ չի հետաքրքրում: Ես միշտ լավ եմ ապրել ու լավ էլ կապրեմ, իմ ոլորտը նախարարության և պետության հետ կապված չի: Ես միշտ էլ կոմֆորտի մեջ եմ եղել Հայաստանում»,– Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սերգեյ Դանիելյանը:
Աղբյուրը՝ 168.am