«Կա որոշում՝ ակտիվացնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ղարաբաղյան կանխատեսումներին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահին գրած նամակում նշել է, որ առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն, հավելելով՝ դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու համար:
Շնորհավորելով Ադրբեջանի առաջնորդին ու ժողովրդին առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Սպիտակ տան ղեկավարը, ըստ պաշտոնական «ԱզերԹԱՋ» գործակալության, գրել է. «Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են և աշխատում միմյանց հետ՝ դժվարին տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Ես գնահատում եմ ձեզ հետ գործընկերությունը անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև մեր երկարամյա առևտրային կապերը»:
Պնդելով, թե առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում, Դոնալդ Թրամփը գրել է․ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները սպասում է Ձեզ հետ համագործակցությանը՝ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորումը գտնելու համար»:
Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ Դոնալդ Թրամփի նման հույսերի համար մի քանի վարկած կարող է լինել: Առաջինը, ըստ նրա, այն է, որ ամերիկյան տեսանկյունից կա հնարավորություն և քաղաքական հետաքրքրվածություն՝ իսկապես մոտենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ հայտնի էր, որ Դոնալդ Թրամփն անգամ գաղափար չունի այս տարածաշրջանի մասին: Բայց, ըստ նրա, այս ընթացքում նախագահ Թրամփը հասցրել է ճանաչել ամերիկյան քաղաքականությունը ողջ աշխարհում, տարածաշրջանում ևս որոշ հանգամանքներ են փոխվել:
«Այսինքն` գուցե ԱՄՆ-ը նոր նախաձեռնությամբ հանդես գա՝ կազմակերպել բարձրաստիճան հանդիպումներ՝ կողմերին հորդորելով սկսել կառուցողական բանակցություններ, հատկապես, երբ այս հարցում Ռուսաստան-ԱՄՆ դիմադրություն չկա, և սա լավ հնարավորություն կարող է դառնալ թուլացնելու այն լարվածությունը, որը կա այս հարաբերություններում այլ ռեգիոններում և Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ:
Չի բացառվում համաձայնություն նաև Թուրքիայի հետ, որը Ադրբեջանին կդնի անելանելի իրադրության մեջ: Եթե խոսք չլիներ առաջիկա ամիսների մասին, ապա կարելի էր ենթադրել, որ նախագահ Թրամփը բարի ցանկություն է հայտնում, բայց ԱՄՆ-ը հույսեր է կապում առաջիկա ամիսներին կայանալիք ինչ-որ իրադարձության հետ, կանխագուշակել, թե որ իրադարձության՝ դժվար կլինի:
Գուցե կա որոշում՝ ակտիվացնել բանակցային գործընթացը, որի արդյունքում հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կստեղծվի: Կարծում եմ` նախաձեռնություններին Ռուսաստանը դեմ չի լինի: Ի վերջո, հակամարտության կարգավորումը հակամարտող երկրների որոշումների տիրույթում գտնվող հարց է:
Գուցե Դոնալդ Թրամփը հույսեր ունի, որ ՀՀ-ում նոր իշխանություններն այլ մոտեցումներ կփորձեն ցուցաբերել, քանի որ նոր իշխանությունների հաստատումից հետո ակտիվորեն խոսում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց դիրքորոշումների, կարգավորման գործընթացում Արցախի մասնակցության մասին:
Բայց այդ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել, նույնիսկ այն, որ հայկական կողմն առաջնահերթություն է համարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: Գուցե ամերիկյան կողմը հենց այստեղից էլ սկսի, քանի որ սա արևմտյան նախաձեռնություն էր ապրիլյան պատերազմից հետո»,- ասաց Լուկիանովը:
Նրա խոսքով, չի բացառվում, որ ամերիկյան կողմը կարծում է, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացել է և լավ հնարավորություն է ընձեռվել ակտիվանալու համար` փորձելով լուծել հակամարտությունը:
«Այնուամենայնիվ ես այն համոզմանն եմ, որ հակամարտությունը, թեև միջազգայնացել է, կարող է կարգավորվել միայն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների քաղաքական ցանկության դեպքում:
Այս դեպքում կարգավորումը ենթադրում է զիջումներ, իսկ նորընտիր իշխանություններն իրենց քաղաքականությունը սովորաբար սկսում են ամուր դիրքերից, նոր գաղափարներից, ուստի զիջումները մոտ ապագայում երկու կողմից էլ քիչ հավանական եմ համարում: Այնուամենայնիվ, ցանկացած նախաձեռնություն կողմերի համար պետք է դիտարկվի հնարավորություն՝ լուծելու ելքեր գտնել այս երկարաձգված հակամարտությանը»,- ասաց Լուկիանովը: