Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք համացանցում առավել հայտնի են որպես Վովան և Լեքսուս, «մասնագիտացած են» բարձրաստիճան պաշտոնյաների և հայտնի մարդկանց հետ հեռախոսային կատակներ անելու վրա: Նրանք YouTube-ի ալիքում հրապարակել են ձայնագրություն, որից պարզվում է, որ պրանկերների հերթական «զոհը» Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է: Պրանկերները բավական երկարատև՝ շուրջ 18 րոպեանոց զրույց են ունեցել նրա հետ՝ ներկայանալով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Զրուցակիցները անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին: Փաշինյանի անունից ներկայացած պրանկերը հարցրել է, թե ինչպես պահի իրեն Պուտինի հետ հանդիպման ընթացքում, ինչ է կարելի սպասել Պուտինից: Անդրադարձ է եղել նաև Սկրիպալների գործին, որի ընթացքում Ջոնսոնը իր վստահությունն է հայտնել, որ թունավորման հետևում Պուտինն է կանգնած:
Նրանք խոսել են նաև Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ: Բացի այդ «Փաշինյանը» հայտնել է Ջոնսոնին, որ Պուտինը լուրջ ազդեցություն ունի Ջոնսոնի քաղաքական հակառակորդ, լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի վրա: Այդ տեղեկատվությունը անթաքույց հետաքրքրություն է առաջացնում Բրիտանիայի արտգործնախարարի մոտ:
Ինչպես հայտնում Վովանն ու Լեքսուսը՝ Ջոնսոնն ի վերջո գլխի է ընկել, որ զրուցակիցը ՀՀ վարչապետը չէ, և անջատել հեռախոսը:
New York Times-ի փոխանցմամբ, Բրիտանիայի ԱԳՆ-ն հանդես է եկել այս «երեխայական» արարքի քննադատությամբ: