Օրական թեկուզ մեկ հավկիթի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Այդ մասին, ինչպես հայտնել է ScienceDaily-ն, ասված է բրիտանացի և չինացի գիտնականների աշխատության մեջ:
Ուսումնասիրությանը մասնակցել են Չինաստանի 30-79 տարեկան 416 հազար բնակիչներ: Կամավորները չորս տարի պատմել են, թե ինչ հաճախականությամբ են հավկիթ կերել, իսկ բժիշկները հետևել են նրանց առողջական վիճակին: Դիտարկումների ինը տարվա ընթացքում բժիշկները գրանցել են սիրտ-անոթային հիվանդությունների 83 հազար 977 դեպք, որոնցից 9 հազար 985-ն ավարտվել են մահվամբ:
Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ոչ պակաս, քան հինգ ձու են օգտագործել շաբաթվա ընթացքում, 28 տոկոսով քիչ են մահացել հեմորագիկ կաթվածից, և 18 տոկոսով քիչ՝ սիրտ-անոթային հիվանդություններից այն մարդկանց համեմատությամբ, ովքեր կերել են շաբաթական երկու ձվից ոչ ավելի: Բացի այդ, հավկիթի սիրահարների մոտ 12 տոկոսով պակաս է եղել սրտի իշեմիկ հիվանդությունից տառապողների թիվը: