Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հայտնել, որ մայիսի 24-ին Պրահայում ռուս-վրացական բանակցությանը ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ստեղծվում է երկկողմ տրանսպորտային միջանցքների գործարկման պայմանագրի իրականացման աշխատանքային եռակողմ հանձնաժողով՝ Վրաստան, Ռուսաստան և մոնիթորինգ իրականացնող շվեյցարական ընկերություն: Փոխվարչապետը դա համարել է Հայաստանի համար լավ տեղեկություն, քանի որ խոսքը Վերին Լարսի այլընտրանք ճանապարհների մասին է: Վրաստանն ու Ռուսաստանը պայմանագիրը կնքել են դեռևս 2011 թվականին, բայց առ այսօր այն չի իրագործվում: Բանակցությունն ընթացել է փոփոխական հաջողությամբ: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ կողմերը հոռետես էին՝ ընդհուպ Հայաստանի հարցում, հայտարարելով, որ պայմանագրում չկա խոսք երրորդ կողմի օգտվելու մասին: Պայմանագիրը իհարկե խնդրահարույց է, քանի որ շոշափում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները, դրանցով անցնող ավտոճանապարհների մասին է: Իսկ դրանք հայտնի կոնֆլիկտային տարածքներ են, և Վրաստանը մեղադրում է Մոսկվային դրանք օկուպացնելու համար: Բայց պայմանագիրը նաև ենթադրում է հենց քաղաքական կոնֆլիկտի առկայության պարագայում հաղորդակցության ուղիների բացում, շրջանցելով անհամաձայնությունները:


Որքանո՞վ կայուն դրական կլինի Պրահայում հերթական ռաունդում ձեռք բերած պայմանավորվածությունը, որի մասին գրել է Տիգրան Ավինյանը: Խոսքը, իհարկե, դեռևս աշխատանքային խմբի մասին է, բայց դա առաջընթաց է, եթե խումբը սկսի աշխատել: Տիգրան Ավինյանը գրել է նաև, որ հարցը հայկական կողմը շոշափել է նաև Սոչիում՝ մայիսի 14-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը: Արդյո՞ք Հայաստանի նոր ղեկավարությունն օգտագործելով իր հանրային լեգիտիմության բարձր աստիճանը, փորձել է առավել ակտիվ լինել այդ հարցում և որոշակի միջնորդական դեր ստանձնել Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնությունն արագացնելու համար:

Համենայնդեպս, հետաքրքիր է, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդական այց Վրաստան՝ այսօր մեկնում է Արմեն Սարգսյանը, որը վաղը կմասնակցի Վրաստանի անկախության տոնին, իսկ մայիսի 30-ին Վրաստան է մեկնում Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնական այցով, որն ի դեպ իբրև պաշտոնական նրա առաջին վարչապետական արտերկրյա այցն է: Սոչի այցն աշխատանքային էր: Մեծ է հավանականությունը, որ Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանը կշարունակի Սոչիի թեման: Ու թերևս ոչ միայն տրանսպորտային միջանցքի շուրջ պայմանագրի մասով, որի մասնակից չէ, սակայն առանցքային շահառու է Հայաստանը: Բանն այն է, որ Վրաստանում ներկայումս բավական արդիական է Ռուսաստանի հետ երկխոսության թեման, որի մասին խոսում է նաև Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին:

Իհարկե այստեղ հարցը գուցե նախագահական ընտրությունների գործընթացի համատեքստում է և փորձ է արվում միավոր ձեռք բերել հնարավոր բոլոր կողմերում, սակայն դա էլ պատեհ պահ է Հայաստանի համար աշխատել Ռուսաստանի ու Վրաստանի հետ, օգտագործելով ներքին լեգիտիմությունն ու կողմերի մոտ առկա քաղաքական իրողությունները, Հայաստանի համար կարևոր խնդիրներ քննարկելու և նոր ռեգիոնալ իրողությունների առնվազն նախադրյալներ ստեղծելու համար: Ի վերջո, խնդիրն այստեղ միայն տրանսպորտային հաղորդուղիների տնտեսական էֆեկտի դաշտում չէ, որովհետև քաղաքական հակամարտության պայմաններում ռուս-վրացական այդ կոնկրետ պայմանավորվածության և գործակցության առաջխաղացումը, խոշոր հաշվով, Հայաստանի համար կարևոր ռեգիոնալ նախադեպ է նաև քաղաքական առումով, թե ինչպես է հնարավոր քաղաքական հակամարտությունների պայմաններում գործակցել հնարավոր այլ ոլորտներում և ուղղություններում, չդնելով քաղաքական նախապայմաններ: Այդ իմաստով, ռուս-վրացական գործընթացի դրական և կայուն առաջխաղացումը Հայաստանի համար նաև կարևոր քաղաքական խաղաքարտ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի ուղղությամբ հարցերում:

loading...