ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ կոռուպցիոն խոստացված բացահայտումների հետ կապված, ասել է, որ պետության հաշվին հարստացածների բացահայտումների գործընթացը մեկնարկել է, կան բերման ենթարկվածներ, և շուտով կլինեն անուններ: ԱԱԾ նոր պետի հայտարարությանը ծանոթ են թերևս բոլորը, և այդ մասով իրավիճակը հայտնի է բավականաչափ: Նաև հայտնի են հանրային ակնկալիքները այդ մասով, որոնք, սակայն, խոշոր հաշվով տեղավորվում են տեսարանների սպասման տրամաբանության մեջ:
Իհարկե, բոլորը այդ տեսարաններին սպասում են նաև ակնկալիքով, որ դա պետք է լինի պետությունից ու հանրությունից գողացածը վերադարձնելու տեսքով, սակայն սպասման և ակնկալիքների բուն խորքում իրավիճակի և իրավաքաղաքական գործընթացի տեսարանային ընկալման սովորությունն է: Մինչդեռ իրողությունները առավել կարևոր և ուշագրավ ու առավել կայուն և հեռանկարային են այլ համատեքստում, որի պարագայում ԱԱԾ գործընթացը ավելի լայն գործողությունների և ռազմավարության, ավելի լայն խնդրի մասերից մեկն է՝ կարևոր, առանցքային, սակայն մասերից, գործիքակազմի տարրերից մեկը:
Խոսքը լայն իմաստով թե՛ պետական նոր որակի և պետականաշինության նոր մակարդակի ձևավորման, թե՛ հանրային համերաշխության և համակեցության նոր ու հիմնարար մթնոլորտի ձևավորման համար առանցքային նշանակություն ունեցող քաղաքականություն-բիզնես հարաբերության մի կողմից՝ տարանջատման, մյուս կողմից՝ համակեցության նոր մակարդակի, խաղի նոր կանոնների սահմանման մասին է: Իսկ երկրում, որտեղ կա ոչ միայն խիստ սերտաճում, այլ նաև կապիտալի նախնական կուտակման հետ կապված չլուծված լրջագույն խնդիրներ, սա առաջին հայացքից քիչ երևացող, սակայն խորքային առումով չափազանց կարևոր խնդիր է:
Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը չի կարող համարվել ավարտված, առավել ևս՝ հաջողությամբ ավարտված կամ տրամաբանական հանգրվանի հասած, եթե չի գտնվում այդ խնդրի լուծումը: Այդ իմաստով գործընթացը զարգանում է զուգահեռ բաղադրիչներով, քանի որ ԱԱԾ հայտարարությունների կողքին Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունենում խոշոր բիզնեսի, օլիգարխիայի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության մի շարք անդամների, նաև Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատ դիտարկվող օլիգարխների:
Տվյալ պարագայում խորքային խնդիրը անշուշտ պետք է լինի ոչ թե տեսարանը, այլ համաձայնության արդյունքը, որը պետք է արտահայտվի ոչ միայն խաղի նոր կանոնների տեսքով, այլ նաև կանոնների նախկին խախտման համար, այսպես ասած, տույժ-տուգանքների: Եթե հասարակության դեպքում դրված է տույժ-տուգանքների որոշակի համաներման խնդիրը, ապա օլիգարխիայի պարագայում համաներման համար պետք է վճարվեն «տույժ-տուգանքներ»: Դա շատերը դիտարկում են սեփականության վտանգման, կուլակաթափության համատեքստում, մինչդեռ խնդիրը լիովին հակառակն է, և բանը հենց կուլակաթափության անխուսափելիության չհասցնելու համար պետք է համաձայնությունը խաղի նոր կանոնների և նախկինում թույլ տված, այսպես ասած, խախտումների համար հանրությանն ու պետությանը տրվելիք փոխհատուցումների շուրջ: Ընդ որում, կուլակաթափության վտանգի խնդիրը տվյալ պարագայում շանտաժ՝ կամ-կամ չէ:
Այստեղ իրավիճակը օբյեկտիվ հանգամանքների տիրույթում է, որովհետև եթե տեղի չի ունենում համաձայնությունն այդ փաթեթով, ապա կոլապսի վտանգը ոչ թե կառավարության համար է միայն, այլ ըստ էության հասարակարգի, և օլիգարխիային չի հաջողվելու վերականգնել հինը, պարզապես կորսվելու է լեգիտիմ և համերաշխ նորի հնարավորությունը՝ ոչ լեգիտիմությունն այլևս դնելով անկառավարելի քաոսի անկայուն ու անկանխատեսելի խնամքին: