Մենք ապրում ենք որակապես այլ երկրում. ամեն օր դրանում համոզվում ենք` հիմնականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած ոչ ստանդարտ, կրեատիվ քայլերի շնորհիվ: Վերջինս ոչ միայն դարձավ հետխորհրդային տարածքում ամենամասշտաբային և արդյունավետ հեղափոխության խորհրդանիշը, այլ նաև բառացիորեն այս օրերին երկրում դնում է կառավարման, քաղաքական նոր մշակույթի ինստիտուցիոնալ հիմքերը: Սա նույնիսկ ավելին է, քան որևէ հետխորհրդային երկիր, ժողովուրդ ստացել են դեմոկրատական հեղափոխությունների արդյունքում: Օրինակ` Վրաստանում և Ուկրաինայում հեղափոխությունները նպաստեցին որակական փոփոխությունների, սակայն այդ երկրների ներսում չվերացրեցին բարիկադները, նույնիսկ ստեղծեցին նորերը:

Միանգամայն այլ իրավիճակ է Հայաստանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում է բարիկադները, իր վարքագծով քաղաքական տոլերանտության, հասարակական համերաշխության էտալոն է դառնում քաղաքական բոլոր սուբյեկտների համար:

Եթե այլ մեկը լիներ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, գուցե նույնիսկ ներքուստ վիրավորվեր մարդկանցից, ովքեր անտեսել են իր երկու հորդորները և շարունակում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, հացադուլը, սակայն վարչապետը քաղաքական ողջախոհ վարքագծով ինքն է գնում բողոքավորների մոտ: «Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդները բանտից սպառնալիքի ակնարկներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին, իսկ հասարակության աննախադեպ վստահությունն ունեցող վարչապետը ոչ միայն չի դիմում հարկադրանքի օրինական մեթոդներին, այլ դարձյալ երկխոսության ձեռք է մեկնում «ծռերի» կողմնակիցներին:

Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանն աննախադեպ քայլ է արել` երեկոյան այցելելով տևական ժամանակ հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանին: Այն, ինչ չհաջողվեց անել վերջինիս այցելած բազմաթիվ գործիչների, այդ թվում` Վեհափառին, հաջողվեց Փաշինյանին. Չուգասզյանը վարչապետի այցից անմիջապես հետո դադարեցրել է հացադուլը: Սա աննախադեպ երևույթ է անգամ կայացած դեմոկրատական երկրների համար, երբ երկրի առաջին դեմքն այսքան արժևորում է բողոքի դուրս եկած քաղաքացուն, երկխոսության ձեռք է մեկնում քաղաքական ուժի, որի ղեկավարները շարունակում են քաղաքական վերջնագրի լեզվով խոսել իր հետ:

Նիկոլ Փաշինյանը նաև հետևողական է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում: Դատարանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումն այսօր փոխարինել է գրավով:

Եթե քաղաքական տոլերանտության, երկխոսության այս բացառիկ մթնոլորտը Փաշինյանը կարողանա տարածել նաև առաջիկա ընտրական գործընթացի վրա, ապա մոտ ապագայում Հայաստանը կունենա նոր որակի խորհրդարան, կառավարություն, պետական համակարգ` քաղաքական հարաբերությունների որակով ներդաշնակվելով եվրոպական զարգացած երկրների հետ:

Թավշյա հեղափոխության արդյունքներն առայժմ կապիտալացվել են առավելապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծում: Հուսանք, որ Փաշինյանին կհաջողվի իր նկատմամբ հանրային մեծ վստահությունը տրանսֆորմացնել պետական մարմինների նկատմամբ հասարակության ինստիտուցիոնալ վստահության, որի արտահայտությունը կլինեն խորհրդարանական օրինական ընտրությունները:

loading...