Բաղադրիչներ
Ալյուր – 500 գ
Չոր խմորիչ – 15 գ
Շաքարավազ – 60 գ
Աղ – 1/3 թ/գ
Կաթ – 300 մլ
Կարագ՝ խմորի համար – 60 գ
Կարագ՝ շերտի մեջ գրտնակելու համար – 300 գ
Պատրաստման եղանակը
500 գ ալյուրին ավելացնել 1/3 թ/գ աղ և աղի հետ մաղել և լցնել հարիչի թասի մեջ, ավելացնել մնացած չոր բաղադրիչները՝ 60 գ շաքարավազը, 9 գ չոր խմորիչը, մի թեթև խառնել:
Աստիճանաբար լցնել 300 մլ կաթը՝ հարիչի դանդաղ պտույտներով հարելով խմորը: Հունցելու ժամանակ խմորի մեջ ավելացնել 60 գ փափուկ կարագը: Խմորը հունցել 10-15 րոպե:
Խմորը դնել սեղանի վրա և ձեռքերով լավ հունցել:
Խմորը դնել թասի մեջ, ծածկել թաղանթով և մոտ 1.5-2 ժամ թողնել տաք տեղում՝ բարձրանալու համար:
Երբ խմորը բարձրանա մոտ 2 անգամ, դնել այն ալյուր շաղ տված սեղանի վրա և գրտնակել (1-1.5 սմ հաստության):
Հիմա պետք է պատրաստել կարագը. 300 գ կարագը դնել թաղանթի մեջ և գրտնակել՝ տալով ուղղանկյուն տեսք՝ չափերով ավելի փոքր, քան գրտնակած խմորը:
Գրտնակված կարագը դնել խմորի մի կեսի վրա, ծածկել խմորի մյուս կեսով և անընդհատ ալյուր շաղ տալով՝ գրտնակել:
Գրտնակելիս ծրարի տեսք տալ, 4 անգամ ծալել, փաթաթել փայլաթիթեղի մեջ և մոտ 30 րոպե դնել սառնարանը:
Կես ժամ անց հանել սառնարանից, դնել սեղանին այնպես, ինչպես դրված էր մինչև սառնարան դնելը, պտտել 90 աստիճան և գրտնակել 1 սմ հաստության շերտի:
Նորից ծալել 3 կամ 4 անգամ: Փաթաթել փայլաթիթեղի մեջ, նորից դնել սառնարանը:
Կես ժամ հետո նորից հանել և կրկնել: Դնել սառնարանն ամբողջ գիշեր:
Այս խմորով կարելի է պատրաստել կրուասան՝ առանց միջուկի, ինչպես նաև՝ քաղցր և աղի միջուկներով: