Ազգային անվտանգության ծառայության կողմից ապօրինի հարստացածների բացահայտման օպերացիայի շրջանակներում երեկ ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերություն: Այս լուրն, ի դեպ, ԱԱԾ-ի կողմից պաշտոնապես հաստատվել է. հայտնի է դարձել, որ կան բերման ենթարկված անձինք:
«Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը ստեղծվել էր նախորդ տարի, երբ Պետական եկամուտների կոմիտեն որոշել էր պայքարել միջնորդ օղակ հանդիսացող կարգոների դեմ: Դրանք այն ընկերություններն էին, որոնք տարբեր երկրներից մեծածավալ ապրանքների ներկրմամբ ու մաքսազերծմամբ էին զբաղվում: ՊԵԿ-ը նախորդ տարի որոշել էր փակել կարգոները՝ ստեղծելով մեկ ընկերություն՝ «Նորֆոլկ քոնսալթինգ»-ը, որը զբաղվում էր այդ աշխատանքներով: ՊԵԿ-ում այս ընկերության ստեղծումը բացատրում էին ոլորտում կարգուկանոն հաստատելու ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մոտիվացիայով: Մինչդեռ պարզվում է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ թե հակակոռուպցիոն գործունեություն է ծավալել, այլ ընդամենը իր մերձավորների միջոցով կոռուպցիոն հոսքերի վերաբաշխում է կատարել: «Նորֆոլկ քոնսալթինգ»-ը օֆշորային ծագում ունի և կապված է օֆշորում գրանցված «Norfolk Projekt LP» անվանումով ընկերության հետ: Ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանն է:
Այսպես կոչված՝ «գազավիկների» խմբավորումը Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք ազդեցիկ պետական պաշտոններ գրավեց, նախկին վարչապետը պարբերաբար կառավարության որոշումներով հարկային արտոնություններ էր սահմանում իր մերձավորների բիզնեսների համար:
Բոլորս հիշում ենք, թե վարչապետ դառնալուց հետո Կարեն Կարապետյանն ինչպիսի հետևողականությամբ էր պայքարում ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում իր մերձավորին կարգելու համար: Փաստորեն Հայաստանը Սինգապուր դարձնող Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում գործի է դրել կոռուպցիոն մեխանիզմ:
Հայտնի չէ, թե կոնկրետ այս դրվագով մինչև ուր կհասնեն ԱԱԾ կոռուպցիոն բացահայտումները, բայց արդեն ակնհայտ է, որ սա, այսպես կոչված, «գազավիկների» միակ կոռուպցիոն գործարքը չէ:
Առհասարակ՝ Կարեն Կարապետյանն ու նրա մերձավոր շրջապատը ճչացող կոռուպցիայի հետ ասոցացվել են դեռ 2000-ականներին, երբ «ՀայՌուսգազարդը» դարձել էր Հայաստանի հասարակության թալանի և ռուսական վասալության խորհրդանիշ: Եթե չլիներ համաժողովրդական պայքարը, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանն էր դառնալու երկրի վարչապետ՝ ամբողջ Հայաստանն ըստ էության դարձնելով ռուսական «Գազպրոմի» կոռուպցիոն համակարգի կցորդ:
ԱԱԾ-ի այս օրերի գործողությունները խիստ կարևոր են, որովհետև, ըստ էության, բացահայտում են նաև Հայաստանի օլիգարխիկ սեգմենտի հանցավոր կապերը Ռուսաստանի կոռուպցիոն համակարգի հետ: