ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ ԱԱԾ պետի հայտնի հայտարարությանը, ասել է, թե ԱԱԾ-ն շտապել է այդ առումով: Ըստ նրա, կլինեն թերեւս նոր հայտարարություններ: Ամենաուշագրավը սակայն այն է, ինչ Բաղդասարյանն ասում է հաջորդիվ՝ «բերման ենթարկված մարդիկ կան, այո, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները և օրենսդրական դաշտի կարգավորումը։ Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, որովհետև վաղը, մյուս օրը ՊԵԿ նախագահը կամ ԱԱԾ ղեկավարը կանեն հայտարարություններ՝ ինձ թվում է, իմ կարծիքով»:
Այլ կերպ ասած, Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ նախորդ կառավարության հետ համաձայնեցված, պայմանավորված են եղել խաղի ապօրինի կանոններ: Բաղդասարյանը չի ասում, թե ԱԱԾ գործողությունները եղել են օրենսդրական, իրավական առումով անհիմն, այլ ասում է, թե պետք է նայել նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները: Այսինքն, բերման ենթարկված անձանց կամ այն սուբյեկտին՝ որ ներկայացնում են այդ անձինք, նախորդ կառավարությո՞ւնն է տվել ապօրինի հարստանալու իրավունք կամ թույլտվություն, ի հեճուկս օրենքի եւ Սահմանադրության:
Խոսքը առայժմ վերաբերում է մաքսազերծումներով զբաղվող «Նորֆոլկ» ընկերությանը, որ ստեղծվել էր դե ֆակտո ՊԵԿ նախաձեռնությամբ, երբ այդ կառույցի ղեկավարն էր «Գազպրոմ Արմենիայի» նախկին գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանը: Կազմակերպության ղեկավար էլ նշանակվել էր «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահը: ԱԱԾ-ն բերման է ենթարկել այդ կառույցի աշխատակիցների: Համենայն դեպս, մայիսի 23-ից կոռուպցիոն, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման գործընթացի վերաբերյալ հայտարարությունից հետո, որ արել էր ԱԱԾ պետը, անվտանգության ծառայությունը պաշտոնապես խոսել է միայն «Նորֆոլկ» ընկերության աշխատակիցների բերման ենթարկելու մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ փաստացի խոսում է դրա մասին:
Կասկածից վեր է, որ ՊԵԿ նախկին ղեկավարը այդօրինակ կառույց չէր ստեղծի եւ չէր աշխատեցնի, եթե չունենար Սերժ Սարգսյանի անմիջական, կամ առնվազն վարչապետ Կարեն Կարապետյանի հավանությունը, որից էլ Սերժ Սարգսյանը չէր կարող տեղյակ չլինել: Չէր կարող տեղյակ չլինել, քանի որ խնդիրը առնչվել էր նաեւ Հայաստանում հաստատված տնտեսա-քաղաքական համակարգ-կարկանդակի պատկառելի կտորի, տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի շրջանառության, որ կատարվում էր մաքսազերծող այսպես կոչված կարգոների միջոցով: իսկ կարգոների դե ֆակտո սեփականատերերը ամենեւին պատահական կամ շարքային, նույնիսկ միջին շրջանակի անձինք չէին, այլ տնտեսա-քաղաքական համակարգի բավական նշանակալի դեմքեր: Հետեւաբար, այդ խնդիրը չէր կարող լինել Սերժ Սարգսյանի իմացությունից դուրս: Իհարկե, Սարգսյանն ինքը կարող էր եւ չխորանալ արդեն փաստացի տնտեսական վերաբաշխման մեխանիզմների մեջ, դա թողնելով արդեն ավելի ցածր պաշտոնյաների: Ըստ ության, ներկայումս ստացվում է բավականին ուշագրավ մի պատկեր:
ԱԱԾ-ն բացահայտում է կոնկրետ խնդիր, որը կարող է բավականին լուրջ խմորումների պատճառ դառնալ հեռացող համակարգում, մասնավորապես ՀՀԿ շրջանակում: Բանն այն է, որ եթե ԱԱԾ-ն մնում է իր պետի հայտարարած քաղաքականության եւ գործընթացի շրջանակում, ապա իրավական ընթացակարգը պետք է շարունակվի եւ հասնի տրամաբանական ավարտին ու մարդիկ պետք է պատասխան տան: Խնդիրը սակայն այն է, որ պետք է պատասխան տան մարդիկ, որոնք ըստ էության եղել են իրականացնողներ, իսկ շահառուն գործնականում եղել է ամբողջ համակարգը, կամ համակարգի մեծամասնությունը, երբ մաքսազերծումից գոյացող տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարը համակարգի մի սեգմենտի գրպանից անցել է մյուսի գրպանին: Ու քանի որ դա չէր կարող չկատարվել քաղաքական որոշումով, ապա չէր կարող նաեւ հիմնավորված չլինել բոլորի քաղաքական շահով եւ անհրաժեշտությամբ, քանի որ Հայաստանի հեռացող համակարգում հարցերը, առավել եւս սեփականության վերաբաշխման, լուծվել են այդ կերպ: Եթե մեկից մի բան են վերցրել, ապա դա հիմնավորել են բոլորի շահով:
Հիմա փաստորեն ստացվում է, որ բոլորի շահի համար կատարված ապօրինության համար բոլորը չէ, որ պետք է պատասխան տան, այլ այսպես ասած մեխանիկական աշխատանքը իրականացրած մարդիկ: Եվ այստեղ առաջանում է արդեն շատ հետաքրքիր իրավիճակ, որովհետեւ այդ մարդիկ այսպես ասած «զոհաբերվելու» դեպքում կարող են ուշագրավ «գործակցություն» հաստատել քննության հետ եւ բացահայտել մի շարք այլ ուշագրավ դրվագներ, ու կծիկը կարող է քանդվել: Այստեղ է Վահրամ Բաղդասարյանի, իսկ ավելի կոնկրետ համակարգի անհանգստությունը, որովհետեւ դա բերելու է հեռացող համակարգի ներքին ահռելի դեստրուկցիայի ու քայքայման: Գործնականում, Վահրամ Բաղդասարյանի արձագանքը, որն անկասկած ամբողջ համակարգի տրամադրության արտահայտումն է, վկայում է, որ ԱԱԾ սկսած գործընթացը արդեն իսկ ծառայում է իր նպատակին եւ մնում է շարունակել քաշել թելը, հանգիստ, այսպես ասած դանդաղ շտապելով, ինչպես կասեին ՀՀԿ-ում: