«Ես ոչ մի մեկնաբանություն  չեմ անի, որը կարող է մեկնաբանվել՝ որպես նախաքննությանն ուղղորդելու որևէ փորձ, նախաքննությունն ընթանում է ու կտա բոլոր պատասխանները, նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ-ի կողմից իրականացված վերջին բացահայտումների մասին։

Հարցին՝ հարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանին էլ հարցաքննության կանչեն՝ հաշվի առնելով, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն գործել է նրա նախագահության տարիներին, Ն․ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ես չեմ որոշողը՝ ում կանչեն հարցաքննության, ում՝ ոչ։ Դրա համար կան ընթացակարգեր»։

Դիտարկմանը, թե ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի նշանակման վերաբերյալ Արթուր Աղաբեկյանն ասել էր՝ ամենաանպատրաստ կադրին եք նշանակել ամենապատասխանատու պաշտոնին՝ Ն․ Փաշինյանն այսպես պատասխանեց․«Արտակ Դավթյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է, և դրանով ամեն ինչ ասված է»։ Լրագրողի ճշտող հարցին, թե այդ մտահոգություններին ինչպե՞ս եք վերաբերվում՝ Ն․ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Այդ մտահոգություններին վերաբերվում եմ հետևյալ կերպ, որ գլխավոր շտաբի պետն իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում արտահերթ ընտրությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թվականի ընտրություններին, Ն․ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Կլինի արտահերթ ընտրությունը, կտեսնեք»։

loading...