ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անակնկալ մատուցեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և միջազգային հանրությանը՝ նշելով, որ առաջիկա ամիսներն այն կարգավորելու հնարավորություն կընձեռեն:
Շնորհավորելով Ադրբեջանի առաջնորդին ու ժողովրդին առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Սպիտակ տան ղեկավարը գրել է. «Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են և աշխատում միմյանց հետ՝ դժվարին տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Ես գնահատում եմ ձեզ հետ գործընկերությունը անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև մեր երկարամյա առևտրային կապերը»:
Պնդելով, թե առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում, Դ. Թրամփը գրել է. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը սպասում է Ձեզ հետ համագործակցությանը՝ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորումը գտնելու համար»:
Սրան զուգահեռ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միմյանցից անկախ անդրադարձել են բանակցություններին Արցախի մասնակցության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ իրենց կարևորագույն նպատակն Արցախին բանակցությունների մեջ վերներգրավելն է՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ, եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին:
Ավելին, նա ընդգծել է, որ Փարիզում համանախագահների հետ հանդիպման ժամանակ միջնորդներին ևս ասել է, որ նման առաջարկը ծիծաղելի է: Այնուամենայնիվ, Զ. Մնացականյանը նշել է, որ կարևորագույն խնդիրը բանակցությունների դինամիկան պահպանելն է։ Անդրադառնալով Սպիտակ տան ղեկավարի կարգավորման հնարավորության հույսերին՝ Մնացականյանը նշել է, որ բոլորը շուտափույթ կարգավորման հույս ունեն:
«Սակայն այն պետք է արտացոլի մեր շահերն ու նպատակները: Բնականաբար, մենք խոսում ենք փոխզիջման մասին, սակայն դրա հիմքում, առաջին հերթին, Արցախի ժողովրդի շահերն ու նպատակները, կամարտահայտման իրավունքը և անվտանգությունը պետք է լինի»,- ընդգծել է նախարարը:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն իր հերթին՝ Թրամփի հայտարարությունը որակել է՝ որպես դասական դիվանագիտական, հուսադրող հայտարարություն, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հետամուտ է լինում հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ամենակարևոր պատգամը սա էր»,- ասել է Բաբայանը:
«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այս հայտարարության ետևում ակնհայտորեն կա ցանկություն՝ հանդես գալ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ՝ որպես կարգավորման գլխավոր միջնորդ:
Ըստ նրա՝ շատ ձևաչափեր կարող են քննարկվել: Բայց, Տարասովի որակմամբ, ամենահաջողակը կլինի Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը և կարգավորման այն փաթեթի առաջմղումը, որի մասին վերջին տարիներին շատ են խոսել արևմտյան դիվանագետները:
«Այսինքն` ծրագիրը սա կարող է լինել, իսկ փաթեթները մի քանիսն են, կան և՛ ռուսական, և՛ արևմտյան պրոյեկտներ: Դժվար է ասել, թե որ ուղղությամբ կշարժվի ԱՄՆ նախագահը: Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչու է ԱՄՆ նախագահը որոշել հարցին անդրադառնալ հիմա: Կարծում եմ` հիմա բարենպաստ մթնոլորտ է Ադրբեջանի առջև հարցեր դնելու համար: Ավելին, Թրամփի նամակում տեղ գտած ձևակերպումից պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահը որոշակի ակնկալիք ունի այս հարցով Ալիևից, ինչն արտահայտվում է նրա՝ «սպասում եմ Ձեզ հետ համագործակցության» արտահայտությամբ:
Բնականաբար, Դոնալդ Թրամփն իրատես քաղաքական գործիչ է, կա՛մ նա տեղյակ է, կա՛մ տեղեկացրել են, որ ԼՂ հակամարտությունը բավականին բարդ հակամարտություն է, դրա լուծումն այդքան էլ հեշտ չէ, բայց Թրամփը պետք է փորձի օգտվել այն իրավիճակից, որում բավականին նեղ է Ալիևի մանևրելու հնարավորությունը»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ադրբեջանաամերիկյան հարաբերություններում մի շարք զարգացումներ նպաստել են այս իրավիճակի ստեղծմանը: Դրանցից առաջինը, նրա խոսքով, Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել Ավիվից Երուսաղեմ՝ չնայած ՄԱԿ-ի որոշումներին: Երկրորդ զարգացումը, Տարասովի կարծիքով, կապված է Իրանի միջուկային գործարքի հետ, որին Բաքուն կողմ է, չնայած այդ հարցում Դոնալդ Թրամփի կտրուկ դիրքորոշմանը:
«Ռուսաստանի և Թուրքիայի հետ ևս Ադրբեջանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել, աջակցել այն դեպքում, երբ ԱՄՆ-ը նրանց նկատմամբ պատժամիջոցներ է մտցնում: Այսինքն` ներկայումս աշխարհում Վաշինգտոնի համար բոլոր զգայուն հարցերի վերաբերյալ Ադրբեջանը հակաամերիկյան դիրքորոշում ունի: Այնուամենայնիվ Թրամփն ակնկալում է, որ Ալիևն ԱՄՆ-ի հետ կհամագործակցի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով, երբ ԱՄՆ-ը հանդես գա նախաձեռնությամբ: Այս ամենի համար բարենպաստ էին նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղան, որի մասին ես պնդում էի տարիներ շարունակ:
Ավելի վաղ ևս ասել էի, որ սա կարևոր հայտարարություն է, միջնորդները կսատարեն այս գաղափարը, այստեղից էլ կարող են սկսվել զիջումները: ՀՀ վարչապետը դրական ուղերձներ է հղել նաև Թուրքիայի իշխանություններին, որոնք գուցե ինչ-որ պահից սկսեն մտածել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, որը ևս դրական անդրադարձ կունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և Ադրբեջանի տրամադրվածության վրա»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն այն կարծիքին է, որ Թրամփի ադմինիստրացիան վաղ թե ուշ ևս պետք է փորձեր կարգավորման փորձ անել, ինչպես նախորդ բոլոր նախագահներն ու պետքարտուղարները: Սկակովը համամիտ է իր գործընկերոջ արտահայտած կարծիքին, թե Միացյալ Նահանգներն իր ձեռքում հաղթաթղթեր ունի և կփորձի դրանք օգտագործել Ղարաբաղյան ճակատում:
«Բնականաբար, ես լիահույս չեմ, թե այս ամերիկյան նախաձեռնությունը դրական ավարտ կունենա: Այն կարժանանա այն նույն ճակատագրին, ինչ նախորդ բոլոր բարձրաստիճան գագաթաժողովները: Պարզապես ցանկացած իշխանության թվում է, որ ինքը կարող է բեկում մտցնել՝ չպատկերացնելով, որ խնդիրներն այս գոտում իսկապես շատ խորն են»,- նկատեց Սկակովը:
Նրա համոզմամբ՝ հնարավոր է նաև, որ Թրամփի աշխատակազմը հույսեր է կապում Փաշինյանի կառավարության հետ: «Վստահ եմ, որ, եթե կողմերը չեն ցանկանում, հակամարտությունը չի կարգավորվելու, և մոտ ապագայում ևս հետաքրքրված չեն լինելու հակամարտության կարգավորմամբ»,- ընդգծեց Սկակովը:
Ի տարբերություն Սկակովի՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն այն կարծիքին է, որ ցանկացած նախաձեռնություն հակամարտությունը կարգավորելու իրական հնարավորություն է, հատկապես, եթե նախաձեռնությունը լինի ամերիկյան կողմից:
«Ես վաղուց եմ ասել, որ ԱՄՆ-ը պետք է ներգրավվածություն ցուցաբերի այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացին: Ակնարկում էի, որ անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն Թրամփի կողմից, քանի որ վտանգավոր միտումներ էի նկատում անուշադրության տեսքով: Ուրախալի է, որ ԱՄՆ նախագահը խոսում է նոր հնարավորության մասին:
Հուսանք, որ ամերիկյան միջնորդությունը նախագահական բարձր մակարդակով հանդիպումներ և կարգավորման գործընթաց կնախաձեռնի: Երևում է, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը փորձում է կորցրած ժամանակը վերադարձնել՝ Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում ամերիկյան ներկայությունը վերականգնելու միջոցով»,- ասաց Փոլ Գոբլը:
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, Թրամփի նամակում տեղ գտած դիտարկումն ինտրիգային էր, քանի որ հայտնի չէ որևէ նախաձեռնության և նույնիսկ բանակցային ակտիվության մասին: «Տեսնենք, թե ինչպես Սպիտակ տան ղեկավարը կշնորհավորի Հայաստանին: Գուցե բացահայտվի ինտրիգը»,- ասաց Գոբլը: