ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի ու սիրելիներ ջան,
այն՝ ինչի մասին գրում եմ, ամիսներ առաջ կթվար, որ գժվել եմ ու երկարատև հանգիստի կարիք ունեմ։ Անկեղծությունս ենթադրում է, որ ընդգծեմ ներքոգրյալը.
Վարչապետ Փաշինյանի կողմից Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումից հետո լուրջ կասկածներ եմ ունեցել ու կարծում էի, որ խնդիրներ ենք ունենալու։ Ոստիկանապետ Օսիպյանի մասով ավելի հանգիստ էի, քանի որ տարիներ շարունակ իմ աչքի առաջ է իր գործունեությունն իրականացրել, ու անկախ իր հետ ունեցած բազմաթիվ կռիվներից, մենք ունեցել ենք փոխադարձ մարդկային հարգանք։ ԱԱԾ տնօրեն Վանեցյանին չեմ ճանաչել նախկինում ու մամուլում հրապարակված, ականջիս հասած տարբեր տեղեկություններով անհանգիստ էի։ Անկեղծությունը ենթադրում էր, որ էս մասին ասեի նաև իրեն ու արել եմ դա։
Հիմա այն ինչ գրում եմ, գրում եմ ամենայն պատասխանատվությամբ. հիմա, առավել ևս երբեք, մի բանում վստահ եմ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ամենակարևոր որոշումները եղել են Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումները։ Տեղեկացնում եմ, որ հանդիպել եմ Վալերի Օսիպյանի ու Արթուր Վանեցյանի հետ, բավականին լուրջ ու կարևոր քննարկումներ ենք ունեցել։ Բայց մինչ հանդիպելը իմ բոլոր խողովակներով ուսումնասիրել եմ նրանց կողմից վերջերս իրականացված բոլոր օպերացիաները, որոնց մի մասը հանրային են ու շատերի համար՝ տեսանելի, ասում եմ՝
ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ու Ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որպեսզի Հայաստանում կոռուպցիա կոչվածը, ապօրինություններն ու կամայականությունները հիմնովին արմատախիլ արվեն։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ այս անելու ենք անընդհատյա ռեժիմով, ամբողջությամբ աջակցելու ենք վարչապետ Փաշինյանին ու թիմին, որպեսզի իրականցվի մեր բոլորի երազանքը։ Մի ավելորդ անգամ հիշեցնեմ, որ ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու, ոչինչ ինձ հետ չի պահելու որպեսզի կերտենք աշխարհի ամենաօրինակելի, զարգացած ու ուժեղ պետություններից մեկը։
Սիրելիներս,
ոչ թե ակնկալում եմ ձեր վստահությունը, այլ՝ աջակցությունը, որ միասին իրականացնենք մեր երազանքները։
ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի մեծ սիրահար, միայն ու միայն ՀՀ քաղաքացուն ու հայ ժողովրդին ծառայող, մե խենթ անձնավորուչուն՝
Դավիթ Սանասարյան
Հ.Գ. տարընթերցումներից խուսափելու համար գրում եմ, որ ՍԻՐՈւՄ եմ ձեզ»: