Երևանի քաղաքապետարանը 2017-2018թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է դրոշների ձեռքբերման, դրոշակազարդման ծառայություններ, որոնց համար վճարել է 103 մլն 634 հազար դրամ:

2017թ. փետրվարին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Ինտեր պարտներ» ՍՊԸ-ի հետ: Ձեռք է բերել 5000 հատ պետական դրոշ: Դրանցից 3500-ը եղել են 1x2 մետր չափսի, և յուրաքանչյուր միավորի գինը կազմել է 2650 դրամ, իսկ 1500 հատը՝ 1.5x3 մետր՝ յուրաքանչյուրը 3550 դրամ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 14 մլն 600 հազար դրամ:

Քաղաքապետարանը 3500 հատ տարբեր չափսերի դրոշ էլ գնել է 2017թ. մարտի 6-ին՝ «Ալֆա թրեյդ» ՍՊԸ-ից: Դրոշներն ունեցել են Էրեբունի-Երևանի տարբերանշանը և ձեռք են բերվել «Էրեբունի-Երևան» միջոցառման շրջանակներում: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 7 մլն 850 հազար դրամ:

2017թ. փետրվարի 6-ին դարձյալ «Էրեբունի-Երևան» միջոցառման շրջանակներում քաղաքապետարանը «Ինտեր պրինտ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 3500 հատ Երևանի տարբերանշանով տարբեր չափսերի դրոշներ: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 7 մլն 990 հազար դրամ: Իսկ ապրիլի 18-ին կնքված պայմանագրի համաձայն «Ջևավորում» ՓԲԸ-ն «Էրեբունի-Երևան» միջոցառման շրջանակներում մատուցել է դրոշակազարդման և դրանց ապամոնտաժման ծառայություններ՝ 4 մլն 995 հազար դրամ արժեքով:

Դրոշներ են ձեռք բերվել նաև այս տարվա ապրիլի 7-ին, այս անգամ արդեն «Ինտեր Պրինտ» ՍՊԸ-ի հետ: Գնված պետական դրոշների թիվն անփոփոխ է՝ 5000 հատ: Քաղաքապետարանն ընկերությունից ձեռք է բերել դարձյալ 3500 հատ 1x2 մետր չափսի դրոշ՝ հատը 2400 դրամ, իսկ 1500 հատը՝ 1.5x3 մետր՝ յուրաքանչյուրը 3840 դրամ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 14 մլն 160 հազար դրամ: Այս դրոշները պետք է մատակարարվեն մինչև հունիսի 30-ը:

126 հազար դրամի 30 հատ Երևան քաղաքի զինանշանով սպիտակ դրոշ էլ քաղաքապետարանը գնել է «Ջևավորում» ՓԲԸ-ից՝ հատը 4200 դրամով: Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի 1-ին:

Քաղաքապետարանը զգալի միջոցներ է ծախսւմ նաև դրոշների տեղադրման և ապամոնտաժման ծառայությունների համար: Մասնավորապես՝ 2017թ. փետրվարի 2-ին կնքված պայմանագրով «Ջևավորում» ՓԲԸ-ի կողմից մատուցվել է 6468 հատ հիմնային պատվանդանների դրոշների փոխման, մաքրման և սպասարկման ծառայություններ՝ 9 մլն 995 հազար դրամ արժեքով: Իսկ մինչև 4 օտարերկրյա նախագահների այցերի դրոշակազարդման ծառայությունները, որի մեջ մտնում են նաև համապատասխան երկրի և Հայաստանի դրոշների ձեռք բերումը, դրոշակազարդումն ու ապամոնտաժումը, արժեցել է 14 մլն 990 հազար դրամ:

Նշենք, որ դրոշակազարդման աշխատանքներն, ըստ արարողակարգի, իրականացվել են Իսակով, Մաշտոց, Բաղրամյան պողոտաներում, ինչպես նաև օդանավակայանից մինչև Արգավանդի խաչմերուկ հատվածը, Ամիրյան փողոցը, Հաղթանակ կամրջի հատվածը:

Նույն պայմանագրի շրջանակներում «Ջևավորում» ՓԲԸ-ն մատուցել է նաև ՀՀ անկախության օրվան նվիրված Երևան քաղաքի դրոշակազարդման ծառայություններ՝ 3 մլն 995 հազար դրամ արժեքով: Ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է 28 մլն 980 հազար դրամ:

«Ջևավորում» ՓԲԸ-ի հետ նմանատիպ ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքվել է նաև այս տարվա հունվարի 24-ին՝ ընդհանուրը 24 մլն 933 հազար դրամ արժեքով: Այս դեպքում ներառված չէ անկախության տոնի դրոշակազարդման ծառայությունները:

loading...