Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին առթիվ Հանրապետության հրապարակում երեկ կայացած համերգի հետնաբեմում եղել են իրադարձություններ, որոնց պատճառով որոշ հայտնիներ ելույթ չեն ունեցել։ Երգչուհիներ Սոնա Շահգելդյանն ու Գաբի Գալոյանը տեղում են հրաժարվել ելույթ ունենալ, «Նեմրա» խումբը` ավելի վաղ։
Tert.am Life–ի հետ զրույցում արտիստները պարզաբանել են իրավիճակը։
«Իմ ելույթը պետք է լիներ 22։30–ին, Սոնա Շահգելդյանինը` 22։50–ին։ Իմ ելույթը ձգվեց մինչև 23–ը։ Երբ արդեն պետք է բեմ բարձրանայի, ինձ ասացին, որ հաղորդավար այլևս չկա, ինքդ քեզ պետք է հայտարարես, բեմ բարձրանաս։ Հրաժարվեցի, ասացի, որ դա անարգանք է երգչի հանդեպ ու չերգեցի։ Ստացվում էր, որ մենք ծրագրում չկայինք»,– ասաց Գարբին։
Երգչուհու խոսքով` փորձերի չի մասնակցել, քանի որ համերգից 1 օր առաջ է իմացել, որ երգելու է։ «Ես զանգեցի կազմակերպիչ աղջկան, որն ինձ հրավիրել էր, սակայն հեռախոսին չպատասխանեց, նույնիսկ ներողություն չխնդրեց։ Եթե մարդուն հասցնում են այնտեղ, պետք է պատշաճ ու հարգալից վերաբերվեն։ Իմ համերգները հիմնականում Հայաստանից դուրս են լինում։ Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում երգել էի միայն Հ.Մ.Ը.Մ. Հանրապետության հրապարակում կազմակերպած համերգին և այս մեկին պետք է երգեի։ Դրսում կազմակերպված միջոցառումներից հետո տեսնելով Հայաստանում կազմակերպվածները, հասկանում եմ, որ եթե այս մակարդակով շարունակվի, ես կատեգորիկ կհրաժարվեմ երգել Հայաստանում որևէ համերգի»,– շեշտեց երգչուհին։