Անի Դաշյանն ամուսնությունից հետո ընտանեկան հանգիստը հիմնականում կազմակերպում է մայիս ամսին, և այս տարի ևս բացառություն չէ: Մոսկվաբնակ հաղորդավարուհին Life.panorama.am-ին պատմել է ծովափնյա հանգստի և Հայաստան վերադառնալու ծրագրերի մասին, ինչպես նաև տրամադրել է ծովափում արված ընտանեկան ֆոտոշարքը:

«Մենք ամեն տարի հենց մայիսին ենք մեկնում հանգստի, քանի որ ամսվա սկզբին մայիսյան տոներն են և ամուսնուս աշխատանքի առումով ավելի հարմար է այս ամսին արձակուրդ վերցնել: Բացի այդ, Մոսկվայի՝ չափից դուրս երկարատև ձմեռից հետո փորձում ենք ամառը մեկ ամիս շուտ բերել»,- ժպիտով պատմեց Անին:

 

Հաղորդավարուհին և ամուսինը նախընտրում են ծովափնյա հանգիստը և հատկապես Միջերկրական ծովը:

«Ես ու ամուսինս մի տեսակ միայն ծովում ենք պատկերացնում մեր հանգիստը, իսկ մեր ամենասիրելի ծովը Միջերկրականն է. Հեքիաթային ծով՝ հեքիաթային արևածագով ու մայրամուտով»,- նկատեց նա:

Անիի որդին՝ փոքրիկ Ռոբերտը, ևս ծովում իրեն հրաշալի է զգում:

«Ռոբերտն իրեն շատ լավ է ծովում զգում: Նա ընդհանրապես չի վախենում ջրից: Մեր բալիկի ծնունդից հետո արդեն մեր հանգիստն անցնում է իր գրաֆիկով, ամեն ինչ հարմարեցնում ենք իր հետ: Անգամ հյուրանոց ընտրելիս՝ ամուսինս առաջին հերթին ուշադրություն է դարձնում մանկական խաղահրապարակին, ակվապարկին և փոքրերի ակումբին»,- պատմեց Անի Դաշյանը:

11-օրյա հանգստից հետո նրանք արդեն վերադարձել են տուն: Մեր զրուցակցի խոսքով՝ դեռևս չի ստացվում հին օրակարգին վերադառնալ.

«Հիմա փորձում ենք նորից մտնել առօրյա ռիթմի մեջ, բայց դեռևս չի ստացվում: Հանգստի հետ կապված մի շատ լավ ասացվածք կա՝ « Ոչ ոք այդքան շատ հանգստի կարիք չունի, քան այն մարդը, ով նոր է վերադարձել հանգստից», նկատեց Անին:

Հաղորդավարուհին ծովափնյա հանգստով չի սահմանափակվի, ամռանը նա կգա նաև Հայաստան:

«Երևան գալն ինձ համար ավելի շատ ոչ թե հանգիստ է, այլ կենսական անհրաժեշտություն, այն թթվածնիս պակասը լրացնելու միակ միջոցն է»,- ավարտեց մեր զրուցակիցը:

loading...