Վերջին տարիներին հայաստանյան շոու-բիզնեսն առավել քան հագեցած է: Անտաղանդից մինչև տաղանդավոր, ռաբիսից մինչև ռոք. այսօր մեր շոու-բիզնեսը կարող է բավարարել ցանկացած երաժշտասերի պահանջը: Հաճախ շոու-բիզնեսի ներկայացուցիչները հեռուսաէկրաններին երևալու կամ սոցցանցերում ամբողջ օրը մեկնաբանություններ գրելու փոխարեն նախըտրում են աշխատել և որակյալ արտադրանք ներկայացնել լսարանին:

Երգիչ, երգահան, գործիքավորող Արման Էլբերտն արդեն երկար տարիներ չի երևում հեռուստաէկրաններին, սակայն նրա աշխատանքներին մենք հաճախ ենք հանդիպում՝ երբեմն անգամ չիմանալով, թե ով է գործի հեղինակը:

 

Շոու-բիզնեսի, նոր սերնդի, ֆիլմերի, հարսանիքի այլ շատ այլ բաների մասին զրուցել ենք հենց իր՝ Արման Էլբերտի հետ:

-Այսօր, մի տեսակ, անհետաքրքիր է շոու-բիզնեսը, ո՞րն է պատճառը:

-Ես համաձայն չեմ, քանի որ երբեք չի լինում այնպես, որ լինի բացառապես անհետաքրքիր։ Հասարակությանը տրված է լայն ընտրության հնարավորություն և նրանք են ընտրում, թե ում են ուզում լսել: Փառք Աստծո այսօր սոցցանցերը այնպիսի հասանելիություն ունեն, որ հասարակությունը կարող է լսել կամ տեսնել իր նախընտրածը։

Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ երգիչներից շատերը ստիպված են լինում գումար վաստակելու համար հարսանեկան խնջույքների մասնակցել:

-Դրական։ Հարսանիքը ինձ համար շատ գեղեցիկ արարողություն է և իմ կարծիքով պետք չէ խուսափել հանդիսությունների ժամանակ երգելուց։ Ես ինքս երգել եմ հարսանիքների ժամանակ և հիմա էլ, եթե ունենում եմ հրավեր, գնում եմ: Ովքեր ինձ հրավիրում են, լավ գիտեն իմ երգացանկը, և զարմանալի է, որ նոր սերնդի մեջ էլ կան շատերը, որոնք լավ տեղյակ են երաժշտությունից, տարբերում են մնայուն գործերը անցողիկներից։

-Ասեցիք երիտասադներ: Ի՞նչ կարծիք ունեք եկող սերնդի մասին։

-Միայն դրական կարծիք ունեմ նոր սերնդի մասին, քանի որ նրանք են մեր ապագան և, ի դեպ, շատ եմ առնչվում երիտասարդների հետ ու շատ հաճախ ուրախանում եմ՝ տեսնելով մեր նոր սերնդի աշխատասիրությունը, ճաշակը, միշտ ինչ որ բան սովորելու ցանկությունը։

-Դուք մի շարք ֆիլմերի երաժտություններ եք գրել: Հոգեհարազա՞տ է այդ ոլորտը։

-Իհարկե հոգեհարազատ է: Եթե այդպես չլիներ, ուղղակի չէի աշխատի: Որտեղ կա երաժշտություն, ես ինձ շատ լավ եմ զգում: Իսկ ֆիլմերին, որոնց վրա ես աշխատել եմ, մոտեցել եմ սիրով և մեծ եռանդով։

-Համագործակցու՞մ եք երիտասարդների հետ:

-Իհարկե համագործակցում եմ տարբեր երիտասարդների հետ: Ռեժիսոր ուսանողներից շատերը բեմադրում են իմ գործերը: Օրինակ, 2017-ին տեղի ունեցավ ուսանող ռեժիսորի կողմից «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերայի բեմադրությունը: Հաճախ նաև տրամադրում եմ իմ արխիվից գործեր: Եթե չեմ ունենում հարմար նյութ, ապա ստեղծագործում եմ ուսանողների համար։ Ես ինքս շատ բան եմ սովորում երիտասարդներից։

 

Արդեն տեղյակ ենք, որ դուք ռուսական ֆիլմերի համար գրել եք բազմաթիվ երաժշտություններ: Կխնդրեմ, որպեսզի բացեք փակագծերը և մի փոքր ավելի մանրամասն խոսենք այդ աշխատանքների մասին։

-Մեծ սիրով։ Արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում եմ մի շարք տաղանդավոր հայ կինոռեժիսորների հետ, որոնց հետ միասին աշխատել ենք ռուսական ֆիլմեր ստեղծելու ուղղությամբ: Այդ ֆիլմերում հնչել են իմ երաժշտական ստեղծագործությունները: Եղել են և կան համագործակցության առաջարկներ ազգությամբ ռուս ռեժիսորների և պրոդյուսերների կողմից: Մոտ ապագայում սպասվում է նոր աշխատանք, և պիտի այցելեմ Մոսկվա՝ հանդիպումներ ունենալու նրանց հետ և քննարկելու ներկա և ապագա աշխատանքները։

-Ասացիք՝ համագործակցել եք բազմաթիվ հայ ռեժիսորների հետ: Ովքե՞ր եք նրանք։

-Արամ Սուքիասյան, Արշո Հարությունյան, Ռոման Մուշեղյան, Դավիթ Հարությունյան և այլոք: Եվ թող ներեն բոլոր նրանք, ում անունները բաց թողեցի։

-Աշխատանք, որն ամենահոգեհարազատն է եղել․․․

– Շատ բարդ հարց է ինձ համար։ Բոլոր գործերիս հետ էլ կապված եմ, բայց եթե փորձեմ առանձնացնել, դրանք կլինեն ռոք-օպերաները՝ «Գրիգոր Լուսավորիչն» ու «Թափառումը»։ Այս երկու աշխատանքներում հիմնական կազմը նույնն է եղել՝ Արամ Սուքիասյան, Արմեն Սուքիասյան, Արմեն Գալոյան, Արշո Հարությունյան, Սարգիս Մանուկյան, Արմեն Ադամյան,Կարեն Արզումանյան, Ռադիկ Գաբրիելյան,Անահիտ Շարյան և այսպես շատերը։ Մի ուրիշ տեսակ մթնոլորտ էր տիրում, որտեղ աշխատանքը զուտ աշխատանք չէր, այլ հաճույք։ Կարոտում եմ այդ օրերը։

-Արման Էլբերտ քաղաքացին ի՞նչ կարծիք ունի այսօրվա մեր երկրի իրավիճակի մասին։

-Ես այս հարցի վերաբերյալ ավելի սահմանափակ կլինեմ: Ընդհամենը ցանկանում եմ, որ մեր երկու հայկական պետությունները լինեն անվտանգ, լինի խաղաղություն և մեր զինվորները ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ։

-Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց «Հոգու կանչ» երգը՝ Գագիկ Բադալյանի կատարմամբ: Ի՞նչպես ստեղծվեց երգը:

-Շատ հետաքրքիր աշխատանք էր: Մտահաղացման հեղինակը Շուշան Սարգսյանն էր, ով էլ հավաքեց բոլորիս գաղափարի շուրջ: Երաժշտությունը գրել է ինքը՝ Շուշանը, խոսքերը Վահան Անդրեասյանինն են, իսկ գործիքավորման վրա ես եմ աշխատել: Երգն իսկապես հաջողվեց և բավական մեծ տարածում ստացավ: Մի օր էլ Շուշանը զանգահարեց և ասաց, որ երգով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նաև Նիկոլ Փաշինյանը: Շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է:

-Ի՞նչ ստեղծագորածական ծրագրեր ունեք հիմա և ապագայում:

-Շուտով կկայանա տաղանդավոր Էդգար Էլբակյան կրտսերի «Ընկերոջս» խորհագրով ձայնասկավառակի շնորհանդեսը, որի վրա աշխատել եմ իբրև գործիքավորող։ Ինձ համար շատ պատասխանատու աշխատանք էր, քանի որ և ստեղծագործում էի և փորձում պահպանել Էդգարի շունչը երգերում։ Դե ապագայի մասին էլ շատ չեմ ուզում խոսել, ուզում եմ աշխատել։

ԱՐՄԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆ

loading...