«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փլուզումը սկսվել է, ընդ որում, բավական արագ տեմպերով: Մինչ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ էին անցկացնում՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին կողմ քվեարկելու համար պատգամավոր Շիրակ Թորոսյանին հեռացնելու համար, պարզվեց՝ Թորոսյանն ինքն է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել: Ավելի ուշ ՀՀԿ-ից և ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան:

Ի դեպ, Գևորգյանն այն ՀՀԿ-ականներից էր, որը մայիսի 8-ին Փաշինյանին դեմ էր քվեարկել: Առաջիկայում ՀՀԿ խմբակցությունից հնարավոր է հեռացնեն նաև պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, որը ևս առանց ՀՀԿ-ում համաձայնեցնելու Փաշինյանին կողմ էր քվեարկել:

Բայց պարզվում է, ՀՀԿ ներքին խնդիրներն այսքանով չեն ավարտվելու. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում խմբակցությունը լքելու մասին կհայտարարեն ևս յոթ պատգամավոր, հիմնականում՝ գործարար թևից: Արդյունքում, ստեղծվելու է հետաքրքիր իրավիճակ. ԱԺ-ում Ելք, Ծառուկյան և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 մանդատ ունեն, իսկ շատ նախագծեր անցնում են 53 ձայնով: Փաստացի հիմա նրանք ունեն 50 մանդատ, եթե այլ մարդիկ դուրս գան ՀՀԿ-ից, ապա քսան տարի իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ն կզրկվի նաև խորհրդարանում մեծամասնություն կոչվելուց:

ՀՀԿ-ում ընդամենը մնացել են մի քանի հոգի, ովքեր հրապարակային խոսում են՝ Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, իսկ մյուս բոլոր կուսակցականներն ուղիներ և ելքեր են փնտրում դեպի ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանին կամ Նիկոլ Փաշինյանին և «Ելք»-ին միանալու համար: Ինչպես հայտնի երգում էր ասվում. «Տեսա՞ր, տեսա՞ր ինչ եղավ»:

loading...