Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հրապարակումը.

«Այսօր դիտում էի ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիայի տեսանյութը և, չգիտես ինչու, մտածեցի, որ Երևանի պետհամալսարանը ավելի վատ ռեկտոր էլ է ունեցել: Ավելին, այդ ավելի վատ ռեկտորն այսօր Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահն է: Փորձեմ հիմնավորել խոսքերս:

1999թ նոյեմբերն էր, երբ մահացավ հանճարեղ Լևոն Ներսիսյանը: Մի քանի սերունդների ներկայացուցիչներին հարկ չկա ասելու, թե ով էր Լևոն Ներսիսյանը, բայց երիտասարդներին ուզում եմ ասել, որ Լևոն Ներսիսյանը շատ երկար տարիներ պետհամալսարանում կարդում եր արտասահմանյան գրականություն: Հիմա կասեք հա ի՞նչ կա որ: Բայց նա կարդում էր այնպես, որ այդ լեկցիաներին ներկա էին գտնվում ոչ միայն բանասերները, այլև բժիշկներն ու ինժեներները, նկարիչներն ու մանկավարժները, ճարտարապետներն ու երաժիշտները:

Ինքս, լինելով գյուղինստիտուտի մեխֆակի ուսանող, 80-ներին բազմիցս ներկա եմ եղել նրա լեկցիաներին: Սուտ ասեցի. ոչ թե ներկա եմ գտնվել նրա լեկցիաներին, այլ պատիվ եմ ունեցել հիանալ այն ներկայացումներով, որոնք այն ժամանակ կոչվում էին Լևոն Ներսիսյանի լեկցիա: Լևոն Ներսիսյանը մահացավ 1999թ նոյեմբերի 27-ին (հոկտեմբրի 27-ից ուղիղ մեկ ամիս հետո): Եվ Ռադիկ Մարտիրոսյանը, ով այդ ժամանակ ԵՊՀ ռեկտոր էր, արգելեց, որպեսզի Լևոն Ներսիսյանին հուղարկավորեն ԵՊՀ շենքից:

Պարոն Մարտիրոսյան, թեև Դուք եղել եք ԵՊՀ ռեկտոր, ինչպես նաև ՀՀ (կամ ինչպես Դուք եք կարծում «քոսոտ երկրի») գիտությունների ակադեմիայի նախագահ, բայց լավ իմացեք, որ շարքային դասախոս Լևոն Ներսիսյանին և նրա հորը` հանճարեղ դերասան Հրաչյա Ներսիսյանին հիշելու են բոլորը… իսկ Ձեզ` եթե անգամ հիշեն էլ, ապա միայն իմ այս գրառման կոնտեքստում»:

loading...