Շաբաթներ առաջ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, 19-ամյա Լևոն Թորոսյանն ընտանիքի տան միակ արու զավակն էր: Ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Մինչ օրս ծնողները, հարազատները և նրան ճանաչողները չեն հավատում կայազարոյին քննչական վարչության կողմից առաջ քաշած ինքնասպանության վարկածին:

Այսօր՝ մայիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Լևոնի մայրը՝ 42-ամյա Արմենուհի Պողոսյանը, ասաց. «Մեր որդին ծառայության է մեկնել անցած տարվա հուլիսի ամսին: Մեր հետ հեռախոսազրույցում ասում էր, որ սպաները իրենց հանդեպ լավ չեն վերաբերվում: Ասում էր, որ ուզում է դիմում գրի ու գնա Արցախ, որը մենք չթողեցինք: Հետո տեղափոխեցին Արմավիրի զորամաս՝ սերժանտական դասերի, որտեղից միայն գոհունակություն էր հայտնում: Դասընթացներն ավարտելուց հետո տեղափոխում են հիմնական զորամաս և 1 շաբաթ անց՝ մայիսի 8-ի առավոտյան, գտնում են մահացած: Այդ առավոտ զանգեց ինձ, սովորական խոսեց, վերջում ասեց՝ մամ, տարօրինակ ձայներ լսվեց ու անջատվեց: Մեր խոսակցությունից հետ իմ որդուն դաժանաբար սպանել են, սեռական օրգաններին հարվածել, այնուհետև կրակել գլխին: Դիահերձման ժամանակ ներկա են եղել նաև հայրը և դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա եղել են բռնության հետքեր»:
Վերջում ծնողները դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ արդարություն հաստատվի և իրենց որդու սպանությունը բացահայտվի, իսկ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Մայրն ասաց նաև, որ գնալու է միչև վերջ ու եթե չբացահայտվի, ինքը կդիմի ամենածայրահեղ քայլին՝ անգամ կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից և ապաստան կխնդրի Ադրբեջանից:

loading...