Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կանխել է սպանության փորձը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը, որից հետո հենց Բաբչենկոն դուրս է եկել լրագրողների մոտ:

«Ես գիտեմ, որ դա ահավոր զգացողություն է, երբ պետք է թաղես գործընկերներիդ: Կներեք ինձ, որ ստիպված էիք անցնել այս ամենի միջով, բայց այլ կերպ պարզապես չէր կարող լինել»,- ասաց Բաբչենկոն,- «Առանձնապես, կցանկանայի ներողություն խնդրել կնոջիցս այն դժոխքի համար, որ նա անցավ այդ երկու օրվա ընթացքում: Օլեչկա, ներողություն եմ խնդրում, սակայն այլ տարբերակ չկար»:

 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ տեղեկություն են ստացել, որ լրագրողի դեմ մահափորձ է ծրագրվում և կանխել են այն։ Գրիցակը կրկին մեղադրանք է հնչեցրել ռուսական հատուկ ծառայությունների հասցեին Բաբչենկոյի սպանությունը ծրագրելու համար:

«Երեք ժամ առաջ այս հանցագործության կազմակերպիչը ձերբակալվել է մեր կողմից Կիևում: Այս պահին ընթանում են հետաքննական գործողություններ, խուզարկվում է նրա բնակության վայրն ու ժամանակավոր կացարանը»,- ասել է Վասիլի Գրիցակը:

Ռուս լրագրող Բաբչենկոն հայտարարել է, որ մեկ ամիս առաջ իրեն տեղեկացրել են իր դեմ ծրագրվող «պատվերի» մասին և առաջարկել մասնակցել հատուկ գործողությանը: Նրա խոսքով՝ դա նախապատրաստվել է երկու ամիս:

«30 000 դոլար, վատ գին չունեմ, չէ՞»,- ասել է Բաբչենկոն:

«Գործի կեսն արված է: Ես իմ բաժին գործն արել եմ և ողջ եմ, չհասան իրենց նպատակին…»,- իր խոսքն այսպես ավարտեց Բաբչենկոն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեքշաբթի երեկոյան Կիևում մի քանի անգամ կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի վրա, որից հետո նա իբրև թե շտապ օգնության մեքենայում մահացել է: Ուկրաինական ոստիկանությունը հայտարարել էր, որ դիտարկում է պատահարի մեջ ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության տարբերակը:

loading...