«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը: Վերջինս նշեց, որ քաղաքական ուժը կունենա «Հայ կառուցողական կուսակցություն» անվանումը:

«Մենք կարծում ենք, որ հանրությունը կառուցողական առաջարկների կարիք է տեսնում պետական կառավարման ոլորտում: Պատրաստվում ենք դա ներկայացնել: Մտադիր ենք համախմբել մեր համախոհներին, որ կարողանանք մատուցել մեր գաղափարները մարդկանց»,- ասաց Ա. Ղուկասյանը:

 

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ շուտով հանրությանը կներկայացնեն կուսակցության ծրագրերն ու գաղափարախոսությունը, բացի այդ օրենքով սահմանված կարգով կուսակցության ստեղծման համագումար կանցկացվի:

«Հայ կառուցողական կուսակցություն»-ը, նրա փոխանցմամբ, կմասնակցի նաև առաջիկա ընտրություններին:

Հարցին՝ Դո՞ւք եք լինելու կուսակցության նախագահը, Ղուկասյանը պատասխանեց. «Այս պահին նման քննարկում չունենք, կուսակցության կառավարման կարգի վերաբերյալ որոշում չի կայացվել»:

Ճշտող հարցին՝ ընդդիմադի՞ր դաշտում եք գործելու, թե՞ իշխանամետ, նա պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ ժողովրդավարական ուժերը պետք է պահպանեն դաշինքային հարաբերությունները: Ջրբաժանը պետք է լինի օլիգարխիկ կուսակցությունների ու ժողովրդավարական ուժերի միջև: Մեր հակառակորդը օլիգարխիայի դաշտն է՝ ՀՀԿ-ն է՝ իր հնարավոր նոր պրոյեկտներով: Մեր քաղաքական հակառակորդները օլիգարխիկ կուսակցություններն են: Մենք չենք համարում, որ իշխանությունը ներկայումս օլիգարխիկ ուժ է: Ժամանակավոր կառավարությունը ժողովրդավարական ուժերից է կազմված, իսկ մեր համագործակցությունը տեսնում ենք ժողովրդավարական ուժերի հետ»:

loading...