Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այնուհետև վարչապետն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եկեղեցու բակում ծաղիկներ է դրել Սայաթ Նովայի շիրիմին և կատարել մոմավառություն: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է փառաբանական աղոթք և վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել ուժ ու կորով:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վիրահայերին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է նրանց տեսնել բարձր տրամադրությամբ:
«Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում նաև ձերն է, դուք այդ հաղթանակի լիարժեք կրողն ու շահառուն եք, որովհետև այն տեղի է ունեցել ձեր հայրենիքում: Մենք զգացել ենք ձեր աջակցությունը և զորակցությունը, ձեր հղած բարի ցանկությունները հասել են տեղ՝ Հանրապետության հրապարակ, և այսօր այն համազգային ոգևորությունը, որ տիրում է հայ ժողովրդի շրջանում, այն կերտել է ձեզնից յուրաքանչյուրն իր մտքով, իր ցանկությամբ, իր կամքով, իր սիրո և համերաշխության զգացումով: Հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Երևանում՝ մենք անվանում ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և ես այսօր այստեղ եմ եկել սիրո և համերաշխության ուղերձով: Ուզում եմ ասել ձեզ, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին և յուրաքանչյուրիդ առանձին: Ես հպարտանում եմ ձեզնով, հպարտանում եմ՝ ձեր կամքով, հպարտանում եմ՝ ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը, հպարտանում եմ՝ տեսնելով Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները, հպարտանում եմ՝ համոզված լինելով, որ մեր երկրների հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանալու ու ամրապնդվելու և հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները՝ Հայաստանում: Այսօր ամենաբարձր արժեքը, որ ունեն հայ և վրացի ժողովուրդները՝ պետականությունն է և անկախությունը, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, պաշտպանելու ենք սեփական հայրենիքն ու երջանիկ լինելու մեր ժողովրդի իրավունքը: Այսօր շատ են ասում, ցանկանում, մի փոքր էլ կասկածով հույս հայտնում, որ այս ամենը կբերի նոր հաջողությունների, մաղթում են, որ հիասթափություն տեղի չունենա: Չի կարող լինել հիասթափություն, որովհետև մենք ծառայել ենք, ծառայում ենք և ծառայելու ենք հայ ժողովրդին: Ես ասել եմ ու ասում եմ՝ մեր ամենամեծ առաքելությունը հող դառնալն է մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա և տանեն նորանոր հաղթանակներ: Հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև հայ ժողովուրդը հաղթանակի ժողովուրդ է, հայ ժողովուրդը հպարտության ժողովուրդ է, հայ ժողովուրդն Աստծո ժողովուրդ է: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Վրաստանը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-վրացական եղբայրությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ դառնալու ենք 5, 10 միլիոն»,- նշել է վարչապետ Փաշինյանը: