Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած «Առանց ծխախոտի համաշխարհային օր-2018» համաժողովը միտված է բարձրացնելու մարդկանց իրազեկվածության աստիճանը ծխախոտի պատճառած վնասների վերաբերյալ:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը համաժողովի ընթացքում ընդգծեց, որ մարդկանց մոտ հաճախ ծխախոտը ասոցացվում է թոքերի քաղցկեղի և այլ հիվանդությունների հետ:

 

«Իրականում ծխախոտը մեծ «ներդրում ունի» սրտանոթային հիվանդությունների և կաթվածների առումով: Ծխախոտը նպաստում է քրոնիկ հիվանդությունների և դրանց պատճառով մահվան դեպքերի թվի ավելացմանը և կործանարար ազդեցություն է ունենում հիվանդների ու նրանց ընտանիքների վրա»,- ասաց Եգոր Զայցևը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանի համար այն շատ կարևոր խորհուրդ ունի:

«Մեր երկրում ծխողների վիճակագրական տվյալները շատ մտահոգիչ են, և նրանց շարքում տարիների ընթացքում ավելացել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Այս իրավիճակը շտկելու համար պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք: Շատ եմ կարևորում հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը: Անձամբ շահագրգռված եմ, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման» օրենքի նախագիծն ընդունվի: Կարծում եմ, տուգանքների վերաբերյալ ընկալումը դեռևս միանշանակ չէ, ուստի պետք է ավելի սահուն փոփոխություն կատարել: Նախագծում պետք է որոշ դրույթներ վերանայվեն, ինչից հետո կուղարկվի Խորհրդարան»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մահվան հանգեցնող առաջին պատճառը սրտանոթային հիվանդություններն են, ինչի հիմքում նաև ծխելն է:

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում այսօր ծխում է 15 տարեկանից բարձր բնակչության 26-27 տոկոսը, տղամարդկանց` 53,4 տոկոսը, իսկ կանանց` 2,3, ընդ որում կանանց մի մասը գաղտնի է ծխում:

Սրտանոթային հիվանդությունների պատճառով ամբողջ աշխարհում մահանում է շուրջ 17,7 մլն մարդ, ինչը կազմում է մոլորակի բոլոր մահերի 31տոկոսը:

loading...