lragir.am-ը գրում է. Հայտարարելով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Ալեքս Գրիգ ընկերությունում գործած սխեման բացահատելու մասին, ցույց տալով, թե ինչպես է 461 անհատական ձեռնարկության միջոցով պետության հանդեպ թերակատարվել միլիարդների հարկային պարտավորություն, ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց նաեւ, որ նախորդ քաղաքական իշխանության հետ համաձայնեցված այդ սխեման առկա է 11 խոշոր առեւտրային այլ ցանցերում: ԱԱԾ-ն նրանց կոչ է արել ինքնակամ հաշվարկել պարտավորությունների թերակատարումը:
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հատուկ գործողություն արել Սամվել Ալեքսանյանի մասով, իսկ մնացյալ 11-ին հորդորում է ամեն ինչ անել ինքնակամ, այսինքն չսպասել ԱԱԾ-ին: Արդյոք Սամվել Ալեքսանյանը դիմադրել է, թե՞ նա հոժարակամ ստանձնել է պատմական դերակատարում՝ լինել նոր Հայաստանի առաջին խոշոր «բացահայտվողը», մյուս բոլոր խոշորների համար դառնալով այդպիսով օրինակ, թե ինչ կարող է սպասել նրանց, ովքեր կդիմադրեն եւ կխուսափեն պետության առաջ պարտավորությունների լիարժեք կատարումից, ինչպես մի քանի օր առաջ զգուշացրեց վարչապետ Փաշինյանը: ԱԱԾ հայտարարությունից օրեր առաջ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ըստ մամուլի տեղեկության, եղել է մեկ տասնյակից ավելի խոշոր գործարարների շարքում, որոնց հանդիպման է հրավիրել Նիկոլ Փաշինյանը եւ քննարկել հետագա խաղի կանոնները: Հրապարակ թերթը մայիսի 31-ին այդ հանդիպումից տեղեկություն է հրապարակել, գրելով, թե Սամվել Ալեքսանյանը ներկայացրել է օրինակ տեքստիլի ոլորտում նախորդ իշխանության հետ պայմանավորվածությունը ստվերային մեխանիզմի մասով, ասելով, թե առանց ստվերի պարագայում ինքը ստիպված կլինի կրճատել աշխատատեղերը՝ կանի, ինչպես կասի նոր կառավարությունը:
Սամվել Ալեքսանյանը իրապե՞ս անկեղծ է, որ առանց ստվերի հնարավոր չէ Հայաստանում աշխատել ու ապահովել աշխատատեղեր, թե՞ դա պարզապես եղել է ինքզինքը միամիտի տեղ դրած պարզ շանտաժ, ինչին էլ հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը, թե որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է խաբել պետությանը: Ընդ որում, Հրապարակի տեղեկության մեջ նշվում է, թե Ալեքսանյանի այդ խոսքին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ ինքը կքննարկի իրավիճակը մասնագետների հետ եւ կարձագանքի, բայց բոլորը պետք է գործեն օրինական դաշտում: ԱԱԾ գործողությունն ըստ երեւույթին պատասխանն էր Սամվել Ալեքսանյանի շանտաժին ու զգուշացում մյուս խոշորներին, որ շանտաժի կամ սաբոտաժի փորձին կհետեւի պատասխան բավական կոշտ գործողություն:
Ի՞նչ եզրակացություն կանեն խոշորները: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ նրանք ապրել ու գործել են համոզումով, որ պետությունն իրենք են, ըստ այդմ իրավապահ կառույցները ծառայում են իրենց, եւ այդ իրավիճակի դեմ չկա որեւէ խաղ: Էական դերակատարություն է ունեցել այն հանգամանքը, որ այդ ամենի երաշխավորը եղել է քաղաքական իշխանությունը, որի վերարտադրության երաշխավորն էլ եղել է խոշոր սեփականատերերի դասը կամ պարզապես օլիգարխիան: