Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այսօր ամենաուրախ ու գունավոր տոնն է, քաղաքի ամեն անկյունում կարելի է հանդիպել մանկական միջոցառումների, լսել փոքրիկների զրնգուն ծիծաղն ու հիանալ նրանց երջանկությամբ:
Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսին Վարդանյանի հետ և տեղեկացել թե ինչպես են երեխաների տոնն անցկացնելու իրենց տանը:
«Մեր յուրաքանչյուր տոնը սկսվում է առավոտյան պաչիկից, շնորհավորանքներից և նվերներից: Հետո պատրաստվում ենք, գեղեցիկ շորիկներ հագնում և դուրս գալիս՝ տոնելու ամենատարբեր տարբերակներով: Եվ այսօր էլ, անշուշտ, բացառություն չեղավ»,- ժպիտով պատմեց Լուսինն ու շարունակեց.
«Ամեն տարի հունիսի 1-ին առաջինը աղջկաս տանում ենք Խնկո Ապոր անվան մանկական գրադարան, որտեղ մայրիկս է աշխատում: Այստեղ ամեն տարի շատ ուրախ ցերեկույթներ են կազմակեպվում, որին մեծ սիրով ենք մասնակցում: Դրանից հետո դուրս կգանք Կարապի լճի տարածք ու կմասնակցենք տարբեր միջոցառումների, որոնք այդ պահին կհետաքրքրեն Ռուզիկին»:
Ի դեպ՝ Լուսինի դուստրն այսօր կհասցնի նաև ներկայացում խաղալ.
«Աղջիկս հաճախում է իր տատիկի «Հասմիկ» մանկական երաժշտական թատրոն, այստեղ նա թիթեռ և կակաչ է խաղում ու մեծ բավականություն է ստանում, իսկ վերջում առանձնահատուկ ուրախությամբ խոնարհվում է հանդիսատեսի առջև: Ասեմ, որ բավակաին մեծ պատասխանատվությամբ է մոտենում իրեն վստահված «գործին»,- նկատեց մեր զրուցակիցը:
Փոքրիկ Ռուզիկը ծնողներին հատուկ պատվեր ունի՝ ուզում է չմուշկներ նվեր ստանալ: Մայրիկի խոսքով՝ աղջիկն արդեն լիովին գիտակցում է, որ տոնն իրենն է և մեծ ուշադրություն է պահանջում:
Խոսելով Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանիքում առկա մթնոլորտից, որի «հեղինակը» իրենց աղջիկն է, մեր զրուցակիցը նշեց.
«Ռուզիկս իմ երջանկությունն է, իմ սերը, չեմ վախենա ասել նաև՝ հենարանը: Երբեմն, երբ տրամադության անկում եմ ունենում, երեխայի նման գլուխս դնում եմ աղջկաս ոտքերին ու լուռ հանգստանում: Աղջիկս իմ գանձն է, իմ հեքիաթը, խելոքն ու ՄԵԾԸ: Իսկապես, մեր աղջիկը շատ բան է գիտակցում: Եթե ոչինչ էլ չունենանք անելու, Ռուզիկս մեր օրը կարող է ուրախությամբ լցնել իր երգերով, պարերով, իր հորինած ներկայացումներով և վերջապես իր հետաքրքիր զրույցներով: Աղջիկս «լիքը» մարդ է, նրա հետ հաստատ չես ձանձրանա: Ես ու ամուսինս պարզապես խելագարվում ենք նրա համար»:
Դերասանուհին վստահ է՝ երեխան ամենամաքուր, կատարյալ, անարատ, վառ ու գունավոր էակն է աշխարհում:
«Երբ երեխայի մասին եմ խոսում, անկախ ինձից աչքերս լցվում են: Ես ուզում եմ, որ աշխարհի ոչ մի երեխայի աչքերում արցունք չլինի, ուզում եմ նրանք միշտ իրենց ծնողների կողքին լինեն, պատերազմներ չտեսնեն, ապրեն կայուն ու լավ երկրում», հավելեց նա:
Հարցին, թե ըստ Լուսին Վարդանյանի՝ առողջ ընտանիք ունենալու համա ի՞նչն է ամենակարևորը, պատասխանեց.
«Ընտանիքում ամենակարևորը սերն է: Պակաս կարևոր չէ գիտակցումը, որ պետք է մեկը մյուսին հաշվի առնել, հարգել, կարևոր չի մեծ, թե փոքր: Եվ այո, փոքրին էլ է պետք հարգել, որպեսզի նա ճիշտ մարդ ձևավորվի: Ջերմությունը, ուրախ շփումը, կարևոր օրերը նշելն ու իրար հետ անցկացնելը, իրար երջանիկ պահեր պարգևելը և գիտակցումը, որ կա ընտանիք, որին պետք է տաքացնել, ծաղկեցնել, ոչինչ չխնայել ու չխառնել ոչնչի հետ՝ խիստ կարևոր է»:
Զրույցի վերջում Լուսինն իր շնորհավորանքը հղեց աշխարհի բոլոր մանուկներին:
«Շնորհավորում եմ մեր բոլորի բալիկների տոնը: Թող կարողանանք միշտ գուրգուրել, սիրել, լավ ու անհոգ կյանք պարգևել ու միշտ պաշտպանել մեր երեխաներին: Չէ որ իզուր չէ տոնը կոչվում «Երեխաների պաշտպանության օր»: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երեխաներին ամեն տեսակ վատ ու թերի բաներից ու լիարժեք կյանք ապահովել նրանց համար»,- ավարտեց նա: