Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ավարտվեց մայիսի 31 – հունիսի 1 Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների և այլ խնդիրների վերաբերյալ։ Քննարկվեցին մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

ԱՊՀ երկրների վարչապետերի հետ շփվեցինք նաև ոչ ֆորմալ միջավայրում, այդ թվում և «առանց փողկապների» ընթրիքի ընթացքում։ Թե՛ ոչ ֆորմալ շփումների, թե՛ պաշտոնական հանդիպումների ընթացքում մեր գործընկերներին փոխանցեցի մի քանի կարևոր ուղերձներ, այդ թվում այն մասին, որ Հայաստանը շարունակելու է ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացումը։

Նաև տեղեկացրեցի, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների բերումով նախագահի լիազորություններն, ըստ էության, փոխանցվել են վարչապետին, իսկ վարչապետինը՝ առաջին փոխվարչապետին, ուստի այսուհետ ԱՊՀ պետությունների գլուխների ձևաչափում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, իսկ կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ՀՀ առաջին փոխվարչապետը։

Պատվիրակության անդամներ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հնարավորություն ունեցան առարկայական հանդիպումներ ունենալ իրենց գործընկերների հետ, քննարկել մեր տնեսության համար հեռանկարային մի շարք հարցեր, այդ թվում էներգակիրներին, ոսկեգործությանը, գյուղանտեսությանը վերաբերող կոնկրետ ծրագրեր։

Թե՛ այցի ընթացքում տեղի ունեցած շփումները, թե՛ քննարկված կոնկրետ ծրագրերը, թե՛ ստորագրված համաձայնագրերը գնահատում եմ շատ դրական և մեր երկրի համար իսկապես կարևոր։

Հ․Գ․ Օդանավի մասին․

Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր և ոչ այնքան մոտ չվերթներով և կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի և հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին և վերադառնալ հունիսի 2-ին։ Այ երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ և վերադառնում եմ գիշերը շատ ուշ։

Ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաև մեր երկրի պատշաճ ներկայանալու համար։

Ձեր խոնարհ ծառա,
ՀՀ առաջին փոխվարչապետ
Արարատ Միրզոյան

loading...