Մասիսի քաղաքապետի կնոջ ֆեյսբուքյան էջն եմ նայում, որտեղ ժամեր առաջ նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել վերականգնել արդարությունը։ Հիշեցնեմ, որ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։

Ուշադրությունս գրավում է տիկնոջ մի նախադասությունը․ «Իմ ամուսինը երեք երեխաների հայր է, պարկեշտ անձնավորություն, ով երբեք իրեն թույլ չէր տա նման անիրավ գործողություն կատարել»: Այսինքն կինը գտնում է, որ նման գործողությունը անիրավ է։ Երեք երեխաների հայր, պարկեշտ անձնավորությունը չէր կարող նման բան թույլ տալ իրեն։ Եվ ի լրումն այս ամենի ավելացնում է․

Qristine Hakobyan

Բոլոր այն մարդկանց համար ովքեր առանց լավ նայելու տեսաերիզներ են ուղարկում՝ չեմ զլանում եւ կրկին կրկնում եմ, որ իմ ամուսինը ոչ մի տեսաերիզում եւ նկարում չկա։ Եթե դեպքը եղել է Էրեբունու համայնքում, դա չի նշանակում, որ պետք է անհիմն մեղադրեք մեզ։

Ակամայից տեսաժապավենի պես աչքիս առաջ են հառնում ծեծի, բռնության այն տեսարանները, որոնց ականատես եմ եղել այլ մարդկանց մասնակցությամբ։

Ուզում եմ հարցնել՝ Քրիստինե, այդ ծեծվողների, ձերբակալվածների, խոշտանգվողների մայրերի ողբը առ Աստված մինչև հիմա ականջներումս է։ Մեկի որդին, մյուսի ամուսինը, հայրը, եղբայրը, մայրը, քույրը․․․Երբևէ մեկին, ում ծեծում, սպանում, ձերբակալում էին՝ փորձե՞լ ես թեկուզ խոսքով, «չոր խոսքով» պաշտպանել, ասել, որ նրանք երեխաներ ունեն կամ պարկեշտ մարդիկ են։

Սարի թաղում, երբ անմեղ մի տղայի աչք խավարվեց, լու՞ռ էիր։

Գիտե՞ք ինչու եմ հարցնում՝ երբ մարդ ճչում է միայն սեփական ցավից, արդար չէ․․․

ՀԳ Երանի՜ այն մարդկանց, ովքեր զգում են անգամ թշնամու ցավը։

Հասմիկ Բաբաջանյան

loading...