«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»,-ilur.am կայքում հրապարակված հոդվածում գրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր – Պետրոսյանն` անդրադառնալով Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերին:
Տեր-Պետրոսյանի մտահոգություններն առավել, քան տեղին են, եթե հաշվի առնենք ԼՂՀ մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած մի շարք իրադարձություններ:
Այսօր Ստեփանակերտում տեղի են ունեցել միանգամից երկու հանրահավաքներ. Վերածննդի հրապարակում հավաքված մարդիկ զորակցել են ուժային մարմինների ղեկավարներին, որոնց հրաժարականներն արդեն երկու օր է` պահանջում են ավտոկայանի մոտ Ազատամարտիկների փողոցը շրջափակած ցուցարարները: Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է պառակտել պատերազմական վիճակում գտնվող Արցախի հասարակությանը:
Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօր ընդդիմադիր հանրահավաքում, որին, ի դեպ, մասնակցել է նաև Զարուհի Փոստանջյանը, հնչել են նաև Արցախի ու Հայաստանի միավորման պոպուլիստական, ժամանակավրեպ պահանջներ, որոնք, մեղմ ասած, վտանգավոր համատեքստ կարող են ստեղծել բանակցային գործընթացում, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը:
Այն հարցում, որ հուլիսի 1-ի միջադեպի մեղավորները, հատկապես` քաղաքացիների դեմ բռնություն գործադրած ԱԱԾ հատուկջոկատայինները, պետք է պատասխանատվության ենթարկվեն, առկա է կոնսենսուս Արցախի բոլոր քաղաքական ուժերի միջև: Սակայն, ըստ ամենայնի, Արցախի հասարակության դժգոհությունները չեն սահմանափակվում լոկալ միջադեպով ու ավելի խորքային են` պահանջելով ինստիտուցիոնալ լուծում:
Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, անընդունելի է համարում Արցախում կուտակված խնդիրների հեղափոխական հանգուցալուծումը: Պետական գործչի իմաստնությամբ նա գրել է. «…ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»:
Հայաստանի առաջին նախագահը առաջարկում է նաև իրավիճակի հանգուցալուծման իր բանալին` առաջարկելով 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջամտությունը:
Սա մոտավորապես այն լուծումն է, որի մասին մենք գրել էինք երեկ` Արցախի արդիականացումը, բարեփոխումները հնարավոր համարելով` այսպես կոչված, «վերևից ներքև» սկզբունքով:
Նիկոլ Փաշինյանն` որպես Հայաստանի ղեկավար և` ըստ էության, միակ գործիչը, որը բացարձակ վստահություն է վայելում հայության բոլոր շերտերում, պետք է երաշխավորի ոչ միայն Արցախի ներքաղաքական կայունությունը, այլ ԼՂՀ հասարակությանը հավաստիացումներ տա, որ Բակո Սահակյանի իշխանությունն առաջիկա տարիներին իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներ և 2020թ-ին անցկացնելու է միանգամայն օրինական ընտրություններ:
Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի վերջին պարբերությունը, որտեղ նա անհրաժեշտ է համարում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանն օգտագործեն Արցախում իրենց ազդեցությունը` քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, աոցցանցերում հակասական գնահատականների տեղիք է տվել` առաջին նախագահին դարձնելով քննադատությունների թիրախ: Պետական – քաղաքական գործչին մեղադրում են պոպուլիզմի գայթակղությանը չտրվելու համար: Իրականում առաջին նախագահին չի դավաճանել քաղաքական պրագմատիզմը, և նա, քաղաքական կոնյուկտուրայից անկախ, նշել է գործիչների այն ցանկը, որն օբյեկտիվերեն մասնակից է Արցախի այսօրվա համակարգի կայացմանը: