Երեկ Երևանն արթնացավ մսի և գյուղմթերքների գնաճի տագնապով: Խոշոր սուպերմարկետներն այդպես էին արձագանքել ԱԱԾ հակակոռուպցիոն գործողություններին` փաստորեն կառավարությանը սպառնալով սաբոտաժով: Նիկոլ Փաշինյանը ընդունել էր նետված ձեռնոցը` ժողովրդին կոչ անելով բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոնորներին»:


Օրվա ընթացքում Փաշինյանը շրջայց կատարեց խանութներ` շարունակելով հրապարակային ճնշումը օլիգարխիայի վրա:

«Պատահական մտա «Քարֆուր» և տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,- ֆեյսբուքի իր էջում երեկ կեսօրից հետո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա քիչ անց ևս մեկ գրառում կատարել. «Շրջայց կատարեցի մի քանի խանութներում:

Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»:

«Քարֆուրի» հիշատակումն, անշուշտ, պատահական չէր. Փաշինյանն ակնարկում էր, որ մյուս սուպերմարկետներում գնաճը պայմանավորված է ոչ թե բնական, տնտեսական գործոններով, այլ օլիգարխիայի սաբոտաժով: Խոշոր սուպերմարկետների հայտնի տերերը մեծ հաշվով ունեն համընդհանուր շահեր, և չի բացառվում, որ գործ ունեինք կարտելային համաձայնությունների հետ, ինչի մասին էլ ակնարկում է Փաշինյանը:

Ավելին` օրվա ընթացքում ոլորտի որոշ մասնագետներ կանխատեսում էին, որ փորձ կարվի այս սաբոտաժն ավելի խորացնել, ընդհուպ մինչև գյուղմթերքներից, մսամթերքներից հրաժարվելը, որը կարճաժամկետ աժիոտաժ կառաջացնի:

Գուցե առևտրային խոշոր ցանցերն ընտրել էին հենց այս մարտավարությունը, ինչի հետևանքով սոցիալական լարվածությունը կդառնար անփուսափելի:

Սակայն օլիգարխիան, ըստ ամենայնի, վախեցավ Նիկոլ Փաշինյանի ոչ երկիմաստ հրապարակային նախազգուշացումներից` աչքի առաջ ունենալով ԱԱԾ ստուգումները, և, ի վերջո, տեղի տվեց:

Վերջին օրերին ստեղծված իրավիճակի և դրա հետևանքով գյուղմթերքի թանկացման վերաբերյալ սուպերմարկետները երեկոյան հերթական հայտարարությունն են տարածել և տեղեկացրել բարձրացրած գներն իջեցնելու և նախկին մակարդակին բերելու մասին: Հայտարարության տեքստում մասնավորապես ասված է. «Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները  ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Եթե գները վերադառնում են նախկին մակարդակին, կարելի է ենթադրել, որ նույնիսկ այդ պարագայում սուպերմարկետները կարող են աշխատել և շահույթ ստանալ: Օլիգարխիայի գործողություններում անիաստ է փնտրել «բարեգործության» բաղադրիչ. գնաճը փաստորեն ուներ սպեկուլյատիվ բնույթ ու ակնհայտ սաբոտաժից սուպերմարկետները հրաժարվեցին միայն վարչապետի հրապարակային կոշտ հայտարարություններից հետո:

Սուպերմարկետների դեմ դիրքային պատերազմում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարավ առաջին մարտավարական հաղթանակն, ինչն, անշուշտ, վկայում է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության մասին: Փաշինյանի թիմը նաև հստակ հասկացրեց, որ հրաժարվում է նախորդ կառավարությունների արատավոր պրակտիկայից և խոշոր առևտրային ցանցերի հետ երբեք չի գնա համաձայնությունների և կոմպրոմիսների` օրինականության հաշվին:

Մյուս կողմից` խնդիրը չի կարող լուծվել միայն օրինական հարկադրանքի կոշտ մեթոդներով: Հայաստանում շուկաները դարձան ոչ մատչելի, երբ գյուղացու տեղը գրավեցին վերավաճառողները: Բազմաթիվ միջնորդ ԱՁ-ները, որոնք այս օրերին բացահայտվում են ԱԱԾ-ի կողմից, հենց այդ միջնորդ, վերավաճառող կառույցներն են, որոնց միակ նպատակը եղել է օլիգարխիայի համար գերահույթներ ապահովելը: Հիմա կառավարության խնիդրն է` ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ գյուղացին բերի իր ապրանքը, վաճառի: Միջնորդ կոռուպցիոն կառույցների վերացումը` մի կողմից, թույլ կտա խուսափել սպեկուլյատիվ գնաճից, ընդ որում` առանց գյուղացիների շահերին դիպչելու, մյուս կողմից` կհարվածի սուպերմարկետների գերակա դիրքերին, ինչն էապես կսահմանափակի հետագա սաբոտաժի ռիսկերը:

loading...