ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Կոժինը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ադրբեջանական Թրենդ գործակալության լրագրողի հարցին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է առանց Ստեփանակերտի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնարինության մասին, ասել է.«Ընդհանրապես աղմկոտ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ ռելսերի մեջ, հավանաբար, ապակառուցողական են»:
Вообще громкие заявления, которые не укладываются в рельсы, заложенные, в частности, ОБСЕ, наверное, представляются неконструктивными.
Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված սղագրությունում, սակայն, լրագրողին ուղղված պատասխանն այլ կերպ է շարադրված. «Ձեր աղմկոտ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ ռելսերի մեջ, հավանաբար, ապակառուցողական են»:
Ваши громкие заявления, которые не укладываются в рельсы, заложенные, в частности, ОБСЕ, наверное, представляются неконструктивными.
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը նշում է. «Ղարաբաղը եղել է բանակցող կողմ և այստեղ որևէ նորություն չկա։ Ես կարծում եմ, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունն այս մամլո ասուլիսի գլխավոր նպատակը չէր, եղել է պարզապես թեմայի վերաբերյալ հարցուպատասխան։ Բայց շեշտում եմ՝ Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադարձնելու հայկական կողմի հայտարարությունը նորություն չէր, նախկինում ևս նման ցանկություն եղել է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Քաղաքագետը շարունակում է. «Միգուցե նա այդ հարցին լավ չէր տիրապետում, պետք չէ մտածել, որ ՌԴ ԱԳՆ-ում բոլորը Ղարաբաղի հարցի շուրջ խորը գիտելիքներ ունեն, ուրիշ հարց է, որ այդ մամլո ասուլիսը նվիրված լիներ Ղարաբաղի հարցին՝ այդ դեպքում ես էլ մի փոքր կմտահոգվեի, բայց հիմա ես մտահոգության առիթ չեմ տեսնում»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում թեմայի շուրջ գրառում է կատարել՝ նշելով, որ հայկական կողմի խնդրանքով սրբագրվել է ՌԴ ԱԳՆ կայքում արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածը.« Տեսագրության և արձանագրության միջև առկա կարևոր տարբերությունը վկայում է հայ֊ռուսական հարաբերություններում նոր իշխանությունների օրոք ծագած լրջագույն խնդիրների մասին, որոնց կոծկելու փորձերը միայն վատթարացնում են իրավիճակը։Արտաքին քաղաքականության հիմնախնդիրները հեղափոխական պաթոսով լուծել հնարավոր չէ»,-գրել է Աշոտյանը։
Անդրադառնալով Աշոտյանի այս գրառմանը, Ստեփան Գրիգորյանն ընդգծեց. «Եթե մենք ուզում ենք ժողովրդավարություն կառուցել՝ մենք պետք է պատրաստ լինենք լսել տարբեր կարծիքներ։ Իմ կարծիքն այն է, որ ակնհայտ է, որ նոր իշխանություններին Ռուսաստանում նորմալ ընդունեցին։ Նոր իշխանությունների հետ կապված պաշտոնական Մոսկվան ոչ մի բացասական հայտարարություն չի արել, ըստ իս այդ հարաբերությունները նորմալ են։Որպես փորձագետ կարող եմ հավելել, որ Ռուսաստանը պետք է ուրախանա, որ Հայաստանում նման փոփոխություն է տեղի ունեցել, Հայաստանում կառավարության լեգիտիմության աստիճանը բարձր է, դա ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Ես այդ կոնտեքստում որևէ մտահոգություն չեմ տեսնում, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն էլ Ռուսաստանի հետ կապված՝ բավականին դրական է։ Դա շատ մեծ դեր է խաղում երկկողմ հարաբերություններում»,-եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։
Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, մինչդեռ, Ռուսաստանն այն երկիրը չէ, որ պաշտոնական մակարդակով պատահական հայտարարություններ անի.«Առաջին հերթին՝ եկեք չմոռանանք, որ ղարաբաղյան հիմնահարցը Ռուսաստանի ձեռքում ամենածանրակշիռ լծակն է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ երկրորդ՝ պաշտնոական Մոսկվայի որևէ ներկայացուցչի հայտարարություն՝ լինի դա թվացյալ սպոնտան կամ էմոցիանոլ, դիվանագիտական՝ չի կարող լինել պատահական։Ռուսաստանն այն պետությունը չէ, որտեղ ասվում են պատահական բաներ, որտեղ արվում են պատահական հայտարարություններ՝ պաշտոնական շրջանակներից»։
Մեհրաբյանը շարունակում է.«Այն, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ներկայումս ոչ միանշանակ հարաբերություններ են տիրում՝ դա փաստ է, և դա պայմանավորված է Հայաստանում իշխանափոխությամբ։ Եկել է իշխանություն, որը ամեն ինչին նայում է բացառապես Հայաստանի շահերի տեսակետից, իսկ Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի հետ ունենալ քաղաքակիրթ, հորիզոնական հարաբերություններ։Այն իմաստով՝ Հայաստանի մանրադրամ լինելը ռուսական տարածաշրջանային քաղաքականության մեջ դառնում է պրոբլեմատիկ և այդ իմաստով Ռուսաստանի մտոհոգությունները հիմնավորված են»։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանը գրառմանը, փորձագետը նշեց.«Նա կարող է գրել ինչ ուզի և ինչպես պատկերացնի, ինչպես՝ ցանկացած ոք։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի իշխանություններն անում են այն, ինչ բխում է Հայաստանի շահերից ր այստեղ Ռուսաստանն այո՛ կարող է մտահոգվել, ոստիկանություն կանչել, բողոքներ գրել տարբեր կազմակերպություններ։Ռուսաստանում ընկալման տեսակետից կան խոչընդոտներ, այնտեղ պայքարն ընդդեմ կոռուպցիայի կարող է համարվել ռուսոֆոբիա, կամ եթե պայքարում եք մենաշնորհի դեմ՝ Սորոսի ագենտ ես, կամ էլ եթե ձգտում ես սերտ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ՝ ձեզ կհայտարարեն գեյ։ Ի վերջո՝ մեր երկիրը պետք է աղբից մաքրենք»։