Օրերս վարչապետի հրամանով Արտակ Դավթյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նոր պետ: Բանակում միաժամանակ երկու հոգու՝ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի փոփոխությունը, ըստ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս), բարդ խնդրի առաջ է կանգնեցնում։
«Ես չեմ քննադատում փոփոխությունները, բայց կարող եմ ասել՝ շտաբի պետը՝ Մովսես Հակոբյանը, 91 թվականից աշխատանքի մեջ էր, ծառայում էր բանակին, ուներ փորձ, նրան հանելը, իմ կարծիքով, շատ սխալ քայլ էր, ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի։ Չգիտեմ, չեմ իմանում, չեմ ուզում խառնվել, միայն կարող եմ ասել, որ այս քայլը սխալ էր»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ սխալ էր այսպիսի նշանակումը։
Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելու հետ կապված մտահոգություններ, Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով, չկան, խնդիրը ԳՇ պետի մեջ է։ Ավելին, ըստ նրա՝ դժվար չէր բանակում Մովսես Հակոբյանին փոխարինող համապատասխան կադր գտնել, բայց Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցում միաժամանակ սպասել էր պետք։
«Աստված տա՝ խաղաղություն լինի, և ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ այս պահին բարդ իրավիճակ է, և եթե նախկինում ինքն ասում էր՝ պատերազմ չի լինի հարյուր տոկոսով, հիմա չի կարող ասել, քանի որ փոխվել է իրավիճակը։ «Չեմ ուզում խուճապի մեջ գցել, բայց նախկինում կարող էի ասել՝ ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, նման բան չի լինելու. հիմա չես կարող ասել, որ պատերազմ կլինի, և չես էլ կարող ասել, որ չի լինի։ Շատ բարդ իրավիճակ է»,- հավելեց Կոմանդոսը։
Արցախին բանակցային սեղանին վերադարձնելու հարցը, ըստ նրա, դիվանագիտական հարց է, զինվորականը չպետք է խառնվի, քանի որ չի տիրապետում խնդրին։
Գեներալ-մայորը չի ուզում խոսել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից, չի ուզում գնահատել կատարվածը։ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայության անցնելն էր չի կարող ասել՝ դրական քայլ է, թե ոչ. չի ուզում խառնվել. «Ինձ համար այնպիսի հարաբերություններն են կարևոր, որ ես պահեմ և՛ աջ, և՛ ձախ կողմերը։ Ինձ պետք է բոլորի հետ ընկերություն անել, մենք ունենք մեկ խնդիր՝ մեր թշնամիներն են։ Իսկ թե ով կգա. եթե հանրությանը դուր է գալիս, ուրեմն լավ է, եթե դուր չի գալիս, ուրեմն վատ է. ես չեմ կարող ասել։ Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում, շատ բան եմ ապրել, վատ բան չեմ կարող ասել, իսկ լավ բանը դեռ պետք է աշխատել, ազգը ասաց՝ դու հավատացիր ազգին»,- հավելեց նա։
Նա նաև վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայության անցնելը կարող է իրավիճակ փոխել և նախադեպ հանդիսանալ նաև մյուս պաշտոնյաների որդիների համար։