«Եթե կա մի հայ, ով գիտակցաբար աշխատանք է տանում ուղղակի «Նիկոլենց» ձախողելու համար, ապա նա անհեռատես եսասեր ու եսամոլ է»


Դիտումներ ` 754

«Եթե կա մի հայ, ով գիտակցաբար աշխատանք է տանում ուղղակի «Նիկոլենց» ձախողելու համար, ապա նա անհեռատես եսասեր ու եսամոլ է»

Արցախում առողջ երկխոսությունը համարում եմ ստեղծված իրավիճակում միակ լուծումը, ցանկացած անկայունություն և դրա հրահրումը համարում եմ արկածախնդրություն, որի համար պատասխան կտանք ողջ ազգով:

Արցախում ցանկացած ցնցում ուղղված է ոչ միայն Արցախի այլ ուղիղ հարված է նաև ՀՀ նորաստեղծ իշխանությանը: Դա, կոպիտ ասած, առանց այն էլ ստեղծված իրավիճակում «երկրորդ ֆրոնտի բացում» է: Բարեփոխումները, որ հանձն է առել ներկա ՀՀ իշխանությունը չի կարող չփոխանցվել Արցախ, բայց նույն Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ էր գնահատել իրավիճակը՝ Արցախը զերծ պահելով ցանկացած ցնցումից և իզուր չէր նրա առաջին պաշտոնական այցը Արցախ:

Արցախը չունի օդային կամ ցամաքային կապ աշխարհի հետ, միակ սնուցող երակը դա Մայր Հայաստանն է, Արցախում առկա խնդիրները ուղիղ կապված են եղել մեր խնդիրների հետ: Այստեղ ՀՀ-ում բազում անհետաձգելի խնդիրներ ունենք, և համոզված եմ միասնականության արդյունքում մենք կլուծենք բոլոր հարցերը ու Արցախը «սնուցող երակով» առողջ ու կենսական արյունով Արցախի խնդիրները նույնպես կլուծվեն:

Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհը չլինելով՝ ես հասկանում եմ, որ նրա բռնած գործի տապալումը կլինի ողջ Հայոց աշխարհի տապալումը: Այն հիասթափությունը որ կապրի հայ ազգը կլինի հետագա կյանքի հետ անհամատեղելի:

Այս ամենը հասկանալով, եթե որևէ լուրջ մարդ կարող է գործել բարեփոխումների դեմ միայն իր «նախանձը» բավարարելու, կամ սկզբունքները ապացուցելու համար, եթե կա մի հայ, ով գիտակցաբար աշխատանք է տանում ուղղակի «Նիկոլենց» ձախողելու համար, ապա նա անհեռատես եսասեր ու եսամոլ է:

Դա բոլորովին չի նշանակում, որ տեսած կամ նկատած սխալների մասին պետք է լռել, ինչը իմ կարծիքով նույնպես դավաճանության նման մի բան է: «Մի կաթիլ մեղրը» և Գարի Բարդինի «Լուցկիները» մուլտֆիլը երկու գլուխգործոցներ են, որ կարծես թե ստեղծվել են այսօրվա համար: Պատմությունը դժբախտաբար շարունակում է կրկնվել իսկ մարդկությունը կրկին դժբախտաբար կարծես չի ցանկանում դրանից դասեր քաղել:

Ժամանակին «ժողովուրդը» երկրից հեռացրեց Անդրանիկին, Նժդեհին, Դրոյին և շատ ու շատ նվիրյալ հայերի` հաստատ համոզված լինելով որ ճիշտ է վարվում: Բոլշևիկ հայերը սկսեցին դատարաններ քաշ տալ ու Գուլագներ աքսորել ու գնդակահարել հազարավոր մտավորական, քաղաքակիրթ հայերի, կրկին համոզված լինելով, որ «մաքրում» են երկիրը:

Թացը չորի հետ կտրեցին ու վառեցին էնպիսի տոհմեր իրենց արմատներով, որոնց վերականգման համար դարեր կպահանջվեն: Այսօր մենք սկսում ենք կրկնել նույն այդ մեխանիզմը և եթե կարծում եք, որ դա է մեր «փրկությունը» խնդրեմ, գերանդին էլ է ձեր ձեռքը, դիվան բաշին էլ ձեր կողմը:

 Արշակ Զաքարյան

 

Աղբյուրը՝ 168.am

loading...
Փակել