Հաղորդագրության մեջ նշված է, որ հունիսի 2-ին, ժամը 22-ի սահմանում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ խումբ է մեկնել Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու շուկա», որտեղ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի:
Ժամը 22:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1985 թվականին ծնված Արամ Ա.-ն:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նշված անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է:
Ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Նշենք` ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ զինված անձինք փորձել են մուտք գործել շուկա և սպանել առևտրի կենտրոնի պահակին։ Նշվել էր նաև, որ սպանվածը Արամ Ասատրյանն է, սակայն, ըստ ոստիկանության հաղորդագրության, նա այժմ հիվանդանոցում է։
Աղբյուրը՝ 168.am