Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեկ մի հայտարարություն է տարածել, որին դժվար թե անդրադառնայի, եթե չհանդիպեր հետևյալ բառակապակցությունը. «Հայոց Եկեղեցու հավատացելոց անվան տակ հանդես եկող…»։

Ես, օրինակ՝ ազգային և ընտանեկան ավանդույթի բերումով հայադավան քրիստոնյա եմ։ Եվ քանի որ կրոնն իմ կյանքում շատ մեծ դեր չունի, չեմ փորձել վերանայել այդ ավանդույթը։ (Ի դեպ մկրտվել եմ քսաներկու տարեկանում, բայց պսակվել առանց եկեղեցական ծեսի։) Կարճ՝ ինքս ինձ Հայ Առաքելական Եկեղեցու հոտի անդամ չեմ զգում։

Մինչդեռ մեր եկեղեցին համարել և համարում է, որ ամբողջ հայությունը (Հայաստանեայց և ի սփիւռս աշխարհի) իր զաւակունքն են։ Եվ այդպես համարելով՝ դպրոցներում պարտադիր առարկա որպես ներմուծել է «Հայ եկեղեցու պատմությունը»: Այս պայմաններում ցանկացած բաշիբոզուկ կարող է հանդես գալ «Հայոց Եկեղեցու հավատացելոց անվան տակ» և հիվանդ ուղեղից արտաթորել ցանկացած միտք։

Ասացի, որ կրոնն իմ կյանքում մեծ դեր չունի, բայց Հիսուսի ուսմունքն ու հատկապես՝ պատվիրաններն, առընթեր են իմ ներաշխարհին։ Այնպես որ, հարգելի քահանա, մի դատիր։

Տիգրան Պասկևիչյան

loading...