Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը՝ ոստիկանապետի հետ առաջին հեռացողներից էր։ Նրա հեռանալու հետ համընկավ նախ եղբոր՝ Սարգիս Հակոբյանի կալանավորումը, ապա փեսայի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունն ու քրեական գործ հարուցելը՝ Էրեբունու դեպքերի և ցուցարարների նկատմամբ բռնությունների կապակցությամբ։

Այս օրերին տարբեր լուրեր էին շրջում «Վովայի Արշակի» մասին, որ նա այցելել է Ձերբակալվածների պահման վայրում գտնվող եղբորը, ինչի պատճառով ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է այդ օրը ՁՊՎ-ում հերթապահող ողջ անձնակազմին, ինչը մասամբ հաստատեց ոստիկանության լրատվականը՝ «Այո, ՁՊՎ պետի փոփոխություն է կատարվել ոստիկանապետի հրամանով»։ Ապա լուրեր տարածվեցին, որ Արշակ Հակոբյանը լքել է Հայաստանը։ Երեկ արդեն խոսում էին, որ ոչ թե լքել է, այլ «Կագեբեի պադվալում է»։

Մենք Արշակի մերձավորներից ճշտեցինք, որ նա իրոք մեկնել է Հայաստանից։ Ավելին՝ օդանավակայանում նրան փորձել են կանգնեցնել և թույլ չտալ, որ մեկնի, սակայն նրա հետ փաստաբան է եղել, որը պահանջել է ցույց տալ նման արգելքի հիմքերը։ Բնականաբար, որևէ իրավական հիմք չի եղել Արշակ Հակոբյանի մեկնումը կասեցնելու համար, ուստի նա անարգել նստել է օդանավ և մեկնել է Հայաստանից։

loading...