Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրն էր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հանդիպում-քննարկումը նախաձեռնել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը:

Հարցին՝ արդյոք «Հայկական ժամանակ» օրաթերթում ներկայիս իշխանությունների գործունեության վերաբերյալ դժգոհությունները տեղ գտնո՞ւմ են, Աննա Հակոբյանը պատասխանել է, որ ինքը խոստացել է և կրկնում է, որ «Հայկական ժամանակ»-ը շարունակելու է լինել ամենաազատ և ընդդիմադիր օրաթերթը.

«Եթե իրականության մեջ իմ հայտարարությունը դեռ չի արտացոլվել, ապա պետք է ասեմ, որ ես «Հայկական ժամանակ»-ի բոլոր լրագրողներին ևս մեկ անգամ խնդրելու եմ, որ անկախ քաղաքական փոփոխություններից՝ իրենք երբեք ինքնագրաքննությամբ չզբաղվեն, և մենք միանշանակ պետք է ուշադիր լինենք կառավարությանն ուղղված քննադատությանն ու բողոքներին»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումների վրա իր ազդեցությանը, Ա. Հակոբյանը պատասխանել է.

«Ամուսնուս քաղաքական որոշումների վրա բացարձակապես չեմ ազդում», և ավելացրել՝ «Ես նույն կերպ աջակցում եմ իմ ամուսնուն, նրա գործունեությանն ու նախաձեռնություններին այնքանով, որ նա ավելի լավ զգա, ավելի լավ աշխատի և արդյունքներ ապահովի»:

Ըստ նրա՝  առաջին տիկինների որոշելիքը չէ, թե երբ ուղեկցեն պաշտոնական այցերի ժամանակ իրենց ամուսիններին, երբ՝ ոչ: Նա հիշեցրեց, որ Ռիտա Սարգսյանը ևս ուղեկցել է, ի տարբերություն, օրինակ, Բելլա Քոչարյանի, ով իր անձնական որոշումով էր հրաժարվել ուղեկցել ամուսնուն:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում նոր կառավարության երիտասարդ կադրերի գործունեությանը, պատասխանել է, թե որևէ կերպ չի վերաբերվում.

«Նոր կառավարությանը կվերաբերվեմ որոշ ժամանակ անց, երբ գործունեության արդյունքները տեսանելի լինեն»:

loading...